Հասարակական

Սոցիոլոգն առաջիկա ընտրություններում անհնարին թվացող դաշինքներ է կանխատեսում

3 րոպեի ընթերցում

Սոցիոլոգն առաջիկա ընտրություններում անհնարին թվացող դաշինքներ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան փետրվարի կեսերին Հայաստանի բոլոր մարզերում անցկացրել է հարցում` պարզելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հասարակական տրամադրությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին տեղի ունեցած ասուլիսում ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը, ներկայացնելով հարցման արդյունքները, տեղեկացրեց, որ հիմնական պայքարը կընթանա ներկայում կոալիցիայի մաս կազմող երկու իշխանական կուսակցությունների միջեւ:

«Այս խորհրդարանական ընտրությունները կունենան մեկ առանձնահատկություն. հիմնական պայքարը կընթանա երկու հզոր իշխանական քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Կգործի 2+1 բանաձեւը: Այսինքն` պայքարի երրորդ մասը կկազմի ՀԱԿ-ը: Արդյունքում` առաջին տեղով խորհրդարան կանցնի Հանրապետականը, երկրորդ տեղով` «Բարգավաճ Հայաստան»-ը, իսկ երրորդով, մեծապես զիջելով առաջին երկուսին, Հայ ազգային կոնգրեսը»,- ասաց Պողոսյանը:

Հարցումների արդյունքում պարզվել է նաեւ, որ ընտրողների 75 տոկոսը իրենց ձայները կտան այս երեք քաղաքական ուժերին: Խորհրդարան անցնելու հնարավորություն կարող են ունենալ նաեւ ՀՅԴ-ն, «Օրինաց երկիր»-ը եւ «Ժառանգություն»-ը: Սակայն, Գեւորգ Պողոսյանի համոզմամբ` նրանք կարող են եւ չհայտնվել խորհրդարանում, եթե չկարողանան իրենց կողմը գրավել ընտրողների չկողմնորոշված հատվածի ձայները:

Պողոսյանը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ հայ ընտրողի ավանդական պասիվությունը խորհրդարանական ընտրություններին ի հայտ կգա նաեւ այս անգամ. ընտրություններին կմասնակցի ընտրազանգվածի միայն 52-55 տոկոսը: Միաժամանակ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահը փաստեց, որ այսօրվա ընտրողը բոլորովին այլ է: Բարձրացել է մարդկանց քաղաքացիական ինքնագիտակցությունը, հատկապես երիտասարդությունն ավելի պահանջկոտ է դարձել, ավելի շատ է քննադատում իշխանություններին: Դրա հետ մեկտեղ անփոփոխ է մնացել այն, որ հայ ընտրողը ընտրում է ոչ թե կուսակցությանը, նրա ծրագիրը կամ գաղափարախոսությունը, այլ ընտրում է այդ կուսակցության առաջնորդին:

«Համոզվածությամբ կարելի է փաստել, որ այս խորհրդարանական ընտրությունների արդյունքում ոչ մի կուսակցություն խորհրդարանում մեծամասնություն չի կազմելու, չի ունենա 50 տոկոսից ավել պատգամավորական աթոռներ: Այս դեպքում, կախված կոնֆիգուրացիաներից, հնարավոր են ցանկացած, նույնիսկ անհնարին թվացող դաշինքներ»,- հավելեց Գեւորգ Պողոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում