Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Մայրաքաղաքի կանաչ տարածքները կավելանան

19:34, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի զբոսայգիներում, պուրակներում ու մյուս կանաչ տարածքներում նախատեսված են բարեկարգման ու կանաչապատման լայնածավալ  աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ներկայացրել է 2012 թվականին նախատեսված կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը: «Մոտ 3 անգամ կավելանան մայրաքաղաքի կանաչ տարածքները, ինչը Երեւանի քաղաքապետի որդեգրած սկզբունք է եւ ընդգրկելու է բոլոր վարչական շրջանները: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի քաղաքը բոլոր համար դառնա հանգստի հաճելի գոտի»-նշել է նա:

Նախատեսված աշխատանքների շրջանակում Երեւան մտնող ավտոճանապարհների ու պողոտաների միջնամասերը, զբոսայգիների, պուրակների եւ այլ կանաչ գոտիների շուրջ 35 հեկտար տարածքով համապատասխան հատվածները կձեւավորվեն նոր սիզամարգերով, 6 հեկտար էլ կընդգրկեն ծաղկային տարածքները: Դրանց մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի 27 հազար գծամետր ոռոգման  ցանց: Մշտադալար ու դեկորատիվ ծառերով և թփերով կավելանան մայրաքաղաքի կանաչ գոտիները, այդ թվում նաեւ այգիներն ու պուրակները:  ՀՀ մարզերից այդ նպատակով ներկրվել է ավելի քան 19 հազար խմ բուսահող ու կարմիր ավազ: «Կշարունակենք մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման ու ծառերի համարակալման աշխատանքները: Ընդամենը մեկ տարի անց կանաչապատ տարածքների տարբերությունն ակնհայտ կլինի»,-ասել է Մարտիրոսյանը: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջաններում լուրջ աշխատանքներ կտարվեն բակերի բարեկարգման ու կանաչապտման ուղղությամբ: Բնակիչների հանգստի կազմակերպման նպատակով բակային հատվածներում կտեղադրվեն զրուցարաններ ու նստարաներ:

Բնապահպանության վարչության պետը ներկայացրել է նաեւ «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից պուրակի եւ Մարգարյանի անվան «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից տարածքի անբարեկարգ ու բարձիթողի վիճակը վերացնելու, ինչպես նաեւ կանաչ գոտու պահպանման եւ ընդլայման անհրաժեշտությունից ելնելով մշակված բարեկարգման համալիր ծրագիր` նախագծային փաստաթղթերով ու մանրակերտային լուսանկարներով:

Նախագծի համաձայն` Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում  նախատեսվում է կառուցել սալապատված 2 լայն ճեմուղիներ, որոնք կեզրագծվեն ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր` մշտադալար ու դեկորատիվ  ծառաշարերով ու կանաչ սիզամարգերով: Տարածքի ծաղկապատման, ինչպես նաեւ կանաչ գոտու մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի ոռոգման ցանց: Կվերանորոգվեն նաեւ տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերն ու ջրային ավազանները, կտեղադրվեն հարմարավետ նստարաններ: Ծրագրով նախատեսված է նաեւ գիշերային լուսավորության ապահովում:  Ծրագրի ավարտից հետո տարածքի հետագա բարեկարգումը կիրանացնեն ոչ միայն  համապատասխան ծառայությունները, այլեւ կանաչ գոտուն հարակից ոչ ընդհանուր օգտագործման տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող անհատներն ու կազմակերպությունները: Վերջին օրերին ժամանակավոր, թեթեւ կոնստրուկցիաներով տեղադրվող շինությունները չեն ներառում կանաչ գոտին, ավելին` տեղադրման ընթացքում չի հատվել կամ վերատնկվել որեւէ ծառ: Բարեկարգման համալիր ծրագրի ավարտից հետո տարածքն իրավամբ կդառնա հանգստյան հանրային գոտի: Աշխատանքները կմեկնարկեն գարնանը:

Նշվել է նաեւ, որ նմանատիպ նախագծերով կիրականացվի Եռաբլրի եւ Փարոս անտառպուրակի բարեկրգման ու կանաչապատման աշխատանքներ: 

Դիտվել է 85 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ