Տնտեսություն

Համաշխարհային բանկի գնահատմամբ`Հայաստանում բարելավվել է գործարար մթնոլորտը

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկի գնահատմամբ`Հայաստանում բարելավվել է գործարար մթնոլորտը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կողմից ձեռնարկված կարեւորագույն քաղաքական եւ օրենսդրական միջոցառումների շնորհիվ երկրում բարելավվել է գործարար մթնոլորտը եւ ընդհանուր կառավարումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներկայացնելով «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի արդյունքները, այս մասին փետրվարի 17-ին հայտարարեց Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին: Նա հատկապես կարեւորեց ներդրված հարկային ու մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգն ու մաքսազերծման կետերում կանաչ ուղիով իրականացված գործառնությունների բաժինը. վերջինս նպաստել է «Doing business-2012» զեկույցի միջազգային առեւտուր ցուցիչում Հայաստանի վարկանիշի բարելավմանը:

«Ծրագրի իրականացումն ապահովել է նշանակալի արդյունքներ:

Չնայած տնտեսական ճգնաժամին` 2008-2011 թվականներին պետական բյուջեում բարձրացվել եւ պահպանվել է սոցիալական ապահովության համակարգի, կենսաթոշակների եւ անապահով ու խոցելի խմբերի համար սոցիալական ապահովության առաջնային ծրագրերի ֆինանսավորումը: Հաշվի առնելով ընթացող հարկաբյուջետային համախմբումը` սոցիալական պաշտպանության ծախսերի աճը հնարավորություն է տվել կառավարությանը խուսափելու առավել անապահով ընտանիքներին տրամադրվող օժանդակության զգալի կրճատումներից` չնայած այդ ընտանիքների թվի զգալի աճին»,- ասաց Հապին:

Նա ընդգծեց նաեւ շահառուների թիրախավորման բարելավումը` «Աղքատության ընտանեկան նպաստ» ծրագրում:

Հապիի խոսքով` վերջինիս վերանայումն իրականացվել է ոչ իրավասու ընտանիքները բացառելու եւ տնտեսված միջոցներով աղքատ բնակչության ընդգրկումը մեծացնելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում