Էրդողանը «հայտնագործել» է` «Ֆրանսիան ցեղասպանել է ալժիրցիներին»
2 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, ով Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո այլեւս կորցրել է բանականությունը, ի պատասխան Ֆրանսիայի համոզմունքները հարգելու մասին նախագահ Նիկոլա Սարկոզիի Թուրքիայի իշխանությանը հղած կոչին, հայտարարել է, թե «Ֆրանսիան Ալժիրում ցեղասպանություն է իրագործել», եւ որ «եթե Սարկոզին չգիտի, թող այդ մասին հարցնի իր հորը»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CnnTurk-ը, Էրդողանն ասել է, թե 1915 թ-ից սկսած` ֆրանսիացիները «կոտորել» են Ալժիրի ժողովրդի 15 տոկոսին: «Դա ցեղասպանություն էր: Եթե Ֆրանսիայի նախագահը չգիտի այդ մասին, թող հարցնի իր հորը: Նրա հայրն այդ տարիներին ծառայել է Ալժիրում», -ասել է թուրք վարչապետը:
Հուզմունքից իրեն կորցրած թուրք վարչապետը էքսկուրս է կատարել Օսմանյան կայսրության ժամանակաշրջան եւ թուրքերին ներկայացնելով աշխարհի «ամենաբարի եւ գթասիրտ» ժողովուրդ, հայտարարել է, թե Թուրքիան իր պատմության ընթացքում ցեղասպանություն չի իրագործել, այլ օգնել եւ ապաստանել է «ֆրանսիական ինկվիզիցիայից մազապուրծ հազարավոր հրեաների, որոնց հետնորդներն այսօր ապրում են Հունաստանի Սալոնիկ քաղաքում, որոնցից մեկն էլ հետագայում Ֆրանսիա տեղափոխված Բենեդիկտ Մալլահն է` Սարկոզիի պապը»:
Էրդողանը չի մոռացել է նաեւ սպառնալ Ֆրանսիային` Եվրոպայում բնակվող 5 մլն թուրքերով: