Միջազգային

ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Ռուսաստանին Թուրքիայի պարտքի վերաձևակերպման արձանագրությունը

2 րոպեի ընթերցում

ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Ռուսաստանին Թուրքիայի պարտքի վերաձևակերպման արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնության խորհուրդը լիագումար նիստում վավերացրել է արձանագրություն, որը նախատեսում է Ռուսաստանի Դաշնության հանդեպ Թուրքիայի պարտքի վերաձևակերպում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի օգոստոսի 18-ին Մոսկվայում և նույն թվականի օգոստոսի 24-ին՝ Անկարայում։

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը, պետական ​​վարկի գումարը կազմում է 726 մլն ԱՄՆ դոլար։ Նրա խոսքով՝ մինչև 2022 թվականը թուրքական կողմը ժամանակին լրիվ ծավալով կատարել է իր պարտավորությունները, սակայն արևմտյան հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո Անկարան չի կարողացել կատարել 111 միլիոն դոլարի չափով վճարումները 2022 և 2023 թվականներին՝ «իրենից չկախված պատճառներով»։

Քանի որ Թուրքիան վճարումները չկատարելու հարցում մեղք չունի, երկու երկրների կառավարություններն ստորագրել են թիվ 2 արձանագրությունը, որը նախատեսում է ժամկետանց պարտքի մարում 60 օրվա ընթացքում դրա կիրառումը սկսելու օրվանից․ եթե վճարումը կատարվի սահմանված ժամկետում, ապա տուգանքային տոկոսներ չեն հաշվառվի: Սազանովի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին թուրքական կողմն ամբողջությամբ մարել է ժամկետանց պարտքը, իսկ արձանագրությունը նախատեսում է տուգանքային տոկոսների պարտքի ներում՝ 17 միլիոն դոլարի չափով։

Խորհրդարանականների կարծիքով՝ արձանագրության վավերացումը կնպաստի ռուս-թուրքական տնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում