Քաղաքականություն

Քրիստինա Քվինը հայ-ամերիկյան բարեկամական կապերի խորացման գործում Խաղաղության կորպուսի դերը համարում է անգնահատելի

8 րոպեի ընթերցում

Քրիստինա Քվինը հայ-ամերիկյան բարեկամական կապերի խորացման գործում Խաղաղության կորպուսի դերը համարում է անգնահատելի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը, ելույթ ունենալով Խաղաղության կորպուսի նոր խմբի կամավորների երդման հանդիսավոր արարողությանը, կարծիք է հայտնել, որ կրթության և երիտասարդական զարգացման, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապն ավելի ամրապնդելու գործում կամավորների կողմից արդեն երեք տասնամյակի պատմություն ունեցող գործունեությունն անգնահատելի դերակատարում ունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաղաղության կորպուսի կամավորների նոր՝ 29-րդ խմբի մասնակիցների երդման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Խաղաղության կորպուսի տնօրեն Քերոլ Սփենը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ինչպես նաև Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի անձնակազմը՝ տնօրեն Ջոան Ֆեյրլիի գլխավորությամբ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, շնորհավորելով կամավորների նոր խմբին, ընդգծեց Խաղաղության կորպուսի գործունեության կարևորությունը։

«Անչափ ուրախ եմ ներկա գտնվել այս կարևոր իրադարձությանը։ Օրը հատկապես առանձնահատուկ է նրանով, որ իր ներկայությամբ մեզ պատվում է Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյակի տնօրեն Քերոլ Սփենը և մեր հայ բարեկամներն ու գործընկերները։ Ես կարծում եմ, որ կրթության և երիտասարդական զարգացման հարցերում Խաղաղության կորպուսի անգնահատելի ներդրումից բացի՝ նրանց ունեցած ներդրումն առավել մեծ կարևորություն ունի մեր երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում։ Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան ժամանեցին 1992 թվականից, և այդ ժամանակվանից ի վեր 1100 կամավոր է ծառայել Հայաստանում։ Ես առիթ եմ ունեցել շփվել Խաղաղության կորպուսի նախկին կամավորների հետ և նաև այն մարդկանց հետ, ովքեր շփվել են կորպուսի կամավորների հետ այստեղ՝ Հայաստանում, և կարող եմ հստակ փաստել, որ, այո, այս ծրագրի շրջանակն օգնել է, որպեսզի մեր ժողովուրդների միջև կապն առավել սերտ դառնա»,- իր ելույթում ասաց ԱՄՆ դեսպանը՝ միևնույն ժամանակ երախտիքի խոսք հայտնելով այն ընտանիքներին, կազմակերպություններին, որոնք ընդունել են Խաղաղության կորպուսի կամավորներին։

Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց հենց կամավորներին՝ կարծիք հայտնելով, որ վերջիններիս շնորհիվ ավելի են ամրապնդվում բարեկամական կապերը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարության մեր գործընկերներին, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Խաղաղության կորպուսի կամավորներին ցուցաբերվող աջակցության համար»,- եզրափակեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին, ով, ողջունելով ներկաներին, նշեց, որ երդմնակալության արարողության արդյունքում Հայաստանում Խաղաղության կորպուսի մասնակիցների շարքերը կհամալրվեն 21 նոր կամավորներով։ Նա հավելեց, որ ընթացիկ տարին առանձնահատուկ է, քանի որ տեղի ունեցող հանդիսավոր արարողությանն իր մասնակցությունն է ունենում նաև Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյակի տնօրեն Քերոլ Սփենն, ում ներկայությունը խորհրդանշական է ինչպես կորպուսի հայաստանյան գրասենյակի համար, այնպես էլ խորհրդանշում է Խաղաղության կորպուսի ունեցած համերաշխությունը հայ ժողովրդի նկատմամբ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով հայտարարեց, որ մեծ պատիվ է ներկա լինել Խաղաղության կորպուսի հերթական խմբի երդման արարողությանը։

«Մենք մեծապես կարևորում ենք այս ծրագիրը մի քանի առումներով, այդ թվում՝ ինչպես Հայաստանում անգլերենի ուսուցման, խորացման, կամավորության և, առհասարակ, երիտասարդական աշխատանքի զարգացման, այնպես էլ հայ-ամերիկյան միջմշակութային երկխոսության զարգացման տեսանկյուններից։ Իհարկե, մենք հետևողական ջանքեր ենք գործադրում Հայաստանում օտար լեզուների կրթությունը զարգացնելու, այդ թվում՝ անգլերենի զարգացման ուղղությամբ, ինչն աշխարհում, կարծես, առանց մրցակցության գտնվում է առաջին տեղում։ Բայց կարծում եմ՝ անմիջական փորձառությունը, որը մեր համայնքներում երեխաներն ունենում են Խաղաղության կորպուսի կամավորների հետ շփման միջոցով, անփոխարինելի է։ Մյուս կողմից մենք նաև հետևողական ջանքեր ենք գործադրում երիտասարդական քաղաքականության շրջանակներում՝ հատկապես մարզաբնակ երիտասարների ներուժի բացահայտման, կարողությունների զարգացման, երիտասարդական նախաձեռնությունների խրախուսման առումով»,- ասաց փոխնախարարն՝ ընդգծելով, որ այդ առումով անգնահատելի է կորպուսի կամավորների դերակատարումը, քանի որ վերջիններս իրենց գործունեությամբ քաջալերում և ոգեշնչում են ՀՀ մարզերում բնակվող երիտասարդներին։

Փոխնախարարը կարևորեց Խաղաղության կորպուսի գործունեությունը՝ շեշտելով, որ այն իր դերակատարումն ունի նաև Հայաստանի և ԱՄՆ-ի բարեկամական հարաբերությունները խորացնելու գործում։

«Սա իսկապես շատ հետաքրքիր ծրագիր է, որի շնորհիվ կոնկրետ թվով մարդկանց կյանքում փոփոխություն է լինում, բայց այդ փոփոխությունը լինում է նաև փոփոխությունները բերողների կյանքում»,- եզրափակեց փոխնախարարը՝ կամավորներին մաղթելով արգասավոր աշխատանք՝ հանուն հայ-ամերիկյան հարաբերությունների։

Հանդիսավոր արարողության ելույթների հատվածը եզրափակեց Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյակի տնօրեն Քերոլ Սփենը, ով իր շնորհակալությունը հայտնեց հայ ժողովրդին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ թեև մեկ օր է, ինչ գտնվում է Հայաստանում, այդուհանդերձ, հասցրել է զգալ հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը։

«Մեր այս գեղեցիկ համագործակցությունը 3 տասնամյակի պատմություն ունի, և այն սկիզբ է առել Հայաստանի անկախության առաջին տարիներից։ 1992 թվականի ձմռանը, երբ Խաղաղության կորպուսի առաջին կամավորները ժամանեցին Հայաստան, այս նորանկախ պետության համար դժվարին ժամանակներ էին․ երկիրը մաքառում և ոտքի էր կանգնում կործանարար պատերազմից և աղետալի երկրաշարժից հետո․․․ Խաղաղության կորպուսն անչափ ուրախ է, որ եղել է հայ ժողովրդի կողքին, եղել է հայ ժողովրդի գործընկերն այս դժվարին ճանապարհին։ Խաղաղության կորպուսն աշխատել է 142 երկրում, եղել է 240-ից ավելի կամավոր, և մենք շատ հստակ գիտակցում ենք և շատ լավ հասկանում ենք, որ ոչինչ չի կարող հարաբերությունների ամրապնդման հարցում այնքան ազդեցիկ լինել, որքան մարդկանց միջև ձևավորված կապերը»,- ասաց Քերոլ Սփենը՝ ընդգծելով, որ Խաղաղության կորպուսի կամավորների կատարած աշխատանքը և նրանց գործունեությունը խաղաղության հիմք է ձևավորում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Նա նաև տեղեկացրեց, որ մայիսի 21-ին հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ վերջինիս հետ ունենալով շատ արդյունավետ և ջերմ խոսակցություն։

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցող բարձրաստիճան հյուրերի ելույթներից հետո տեղի ունեցավ կամավորների նոր՝ 29-րդ խմբի մասնակիցների երդման արարողությունն, ինչից հետո Խաղաղության կորպուսի կողմից նրանք պարգևատրվեցին հավաստագրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում