Քաղաքականություն

ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման միջոցով ընձեռնվող հնարավորությունները։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող հաստատակամ քայլերին և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության հարցերին: «Հայաստանի կառավարությունը հանձնառու է թե’ ժողովրդավարական բարեփոխումների, թե’ խաղաղության օրակարգին, և մեր միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը կարևոր է շոշափելի առաջընթացի ապահովման համար»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի բնագավառում։

Նշվում է, որ, շարունակելով տարածաշրջանային թեմաների վերաբերյալ քննարկումը, Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ Ալմաթիում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կայացած բանակցությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում