Միջազգային

Քենիայում  42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով

2 րոպեի ընթերցում

Քենիայում  42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիայի կենտրոնական մասում ավելի քան 40 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

«Նախնական տվյալների համաձայն՝ զոհվել է 42 մարդ։ Ցեխի տակ դեռ էլի մարմիններ կան։ Մենք աշխատում ենք նրանց դուրս բերելու ուղղությամբ», - ասել է Նակուրուի շրջանի նահանգապետ Սյուզան Կիհիկան։

Ըստ իշխանությունների գնահատումների՝ ամբարտակի ճեղքման են հանգեցրել արդեն երկրորդ ամիսը շարունակվող հորդառատ անձրևները։

Մարտ-մայիս խոնավ ամիսների ընթացքում Քենիայում հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 120-ի, ջրի տակ են հայտնվել բազմաթիվ ճանապարհներ, ավելի քան 130 000 մարդ ստիպված է եղել լքել տները։ Նրանցից շատերը եկել են երկրի մայրաքաղաք Նայրոբի՝ կառավարության օգնության ակնկալիքով: Արձակուրդներից հետո դպրոցներն անձրևների պատճառով փակ են մնացել ևս մեկ շաբաթով։

Մարտ ամսից շարունակվող անձրևներից տուժել են նաև Արևելյան Աֆրիկայի այլ երկրներ: Այսպես, հարևան Տանզանիայում հեղեղումների ու սողանքների պատճառով զոհվել է 155 մարդ։ Զոհեր և զգալի ավերածություններ կան Ուգանդայում և Բուրունդիում։

Օդերևութաբանները կարծում են, որ մայրցամաքի արևելքում հորդառատ անձրևների պատճառն Էլ Նինյո կլիմայական երևույթն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում