Մշակույթ

Հայաստանն ու Իրանը վերաթարմացնում են համատեղ կինոնախագծերի համաձայնությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Իրանը վերաթարմացնում են համատեղ կինոնախագծերի համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համատեղ կինոնախագծեր ստեղծելու, հայ-իրանական մշակութային կապերն ամրապնդելու նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն օրերս վերաթարմացրել են կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրվել էր 2017 թվականին 3 տարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթի վերաստորագրմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը և այլք։

Երկու կինոկառույցների պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ համագործակցության համաձայնագրի վերաստորագրումը նոր կինոգործընթացների զարգացման հեռանկարներ և ուղիներ կստեղծի։

Միրզախանյանի խոսքով՝ փաստաթղթի վերաստորագրումն արդեն ունեցած Իրան-Հայաստան երկարամյա մշակութային համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու հնարավորություն է ընձեռում, իսկ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն ավելի քան համոզված է, որ այն երկու երկրների կինոոլորտների գործակցության նոր հնարավորությունների սկիզբ է։

Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ: Այն կարող է նպաստել կինոժառանգության պահպանությանը, մանկապատանեկան կինոծրագրերի ստեղծմանը, համատեղ կինոարտադրության զարգացմանը, երկկողմ կրթական ծրագրերի իրականացմանը, հայ-իրանական կինոշուկայի ձևավորմանը, ֆիլմերի տարածմանն ու երկկողմ փառատոների մասնակցությանը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, կարևորելով մշակույթային կապերի ամրապնդման և զարգացմանը միտված տարատեսակ համատեղ ծրագրերի կազմակերպումը, պայմանավորվել են հանդիպել և Հայաստանի մշակույթի ու արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ մշակել մշակութային իրադարձությունների աշխատանքային քարտեզը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում