Տնտեսություն

Հայաստանում 19 ավարտված վարույթ կա պետական մարմինների դեմ. ՄՊՀ նախագահ

7 րոպեի ընթերցում

«Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողովը
«Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցային հավասար պայմաններն անչափ կարևոր գործոն են յուրաքանչյուր երկրի զարգացման ու նրա բնակչության բարեկեցության ապահովման համար: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առանցքային այդ միտքը բազմիցս հնչեց հունիսի 18-ին Երևանում անցկացված «Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողովում: Բանախոսներն արձանագրեցին, որ թեպետ այդ ուղղությամբ Հայաստանում կա նկատելի տեղաշարժ, սակայն քիչ չեն նաև անելիքները:

Համաշխարհային բանկի աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Տնտեսական կառավարում, բիզնես միջավայրի և ձեռնարկության արդյունավետություն» ծրագրի շրջանակում կազմակերպված ամփոփիչ միջոցառման ընթացքում աշխույժ քննարկում ծավալվեց խորագրում արտացոլված ձևակերպումների շուրջ: Աշխատաժողովն ուղեկցվեց պանելային քննարկումներով, որոնց մասնակցեցին Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD), Եվրամիության պատվիրակության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), Հայաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Վրաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները:

Համաշխարհային բանկի՝ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը լրագրողներին հայտնեց, որ ներկայումս իրականացվում են մրցակցային ոլորտում Հայաստանում իրականացված գործընթացների գնահատման աշխատանքներ: «Մրցակցությունը բավականին դժվար ոլորտ է բարեփոխումներ իրականացնելու համար. այստեղ իրավական բարեփոխումները պետք է ուղեկցվեն ակտիվ իրավակիրարկման կամ իրավունքի քաղաքականության կիրառման միջոցառումներով: Տվյալները ցույց են տալիս, որ բավականաչափ առաջընթաց է գրանցվել այդ ուղղությամբ, սակայն հիմա ուսումնասիրություն ենք իրականացնում, որպեսզի պարզենք, թե ինչ առաջընթաց է եղել: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ ուսումնասիրություն ենք կատարում ապրանքային շուկաներում, որպեսզի պարզենք, թե կարգավորմանն առնչվող ինչպիսի արգելքներ, խոչընդոտներ, ինչպես նաև ինչպիսի համակենտրոնացում կա այնտեղ: Գիտենք, որ համակենտրոնացման մակարդակը նվազել է, սակայն բարելավման տեղ կա:

Իրականացված մյուս կարևոր աշխատանքը վերաբերում է պետական օժանդակությանը: Վերջին տարիներին այդ ոլորտում իրականացվել են մի շարք բարեփոխումներ: Պետական օժանդակության տրամադրման ժամանակ իրականացվում է ավելի մանրակրկիտ գնահատում, որովհետև դա շուկան աղճատելու մեծ ներուժ ունի: Սա շատ կարևոր աշխատանք է»,- նշեց Կարոլին Գեգինատը:

Նա ընդգծեց, որ մրցակցությունը չափազանց կարևոր է տնտեսության համար, որովհետև դրա միջոցով ապրանքների գները նվազեցնելու հնարավորություն է ընձեռվում, որն էլ կարող է խթանել արտադրողականության աճը և նպաստել նորարարության զարգացմանը: «Դա անչափ դժվար է Հայաստանի պայմաններում, որը փակ շուկայով և փակ սահմաններով երկիր է: Այստեղ ավելի է կարևորվում քաղաքականության կիրարկումը, որպեսզի հնարավոր լինի օգուտները քաղել:

Կարոլին Գեգինատը հայտնեց, որ Եվրամիության հետ համագործակցության շրջանակում Հայաստանը պարտավորություն է ստանձնել ներդաշնակեցնելու իր և ԵՄ իրավակարգավորումները: Նա շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին՝ այս աշխատանքները ֆինանսավորելու, իսկ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ համագործակցության համար:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն էլ արձանագրեց, որ մրցակցության սկզբունքների հաստատման առումով Հայաստանում իրավիճակը լավագույնը չէ՝ շատ հարցեր ունեն շտկման կարիք:

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողներին հայտնեց, որ հաշվետու միջոցառումն առնչվում է պետական օժանդակության և պետական մարմինների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ խնդիրներին:

«Երեք տարի առաջ Եվրոպական Միության և Համաշխարհային բանկի մեր գործընկերների հետ սկսեցինք կարգավորել պետության կողմից ցանկացած տեսակի ֆինանսական օժանդակություն, որը ֆիզիկական, իրավաբանական անձանց մոտ կամ որևէ ոլորտում կարող է առաջացնել ոչ հավասար մրցակցային պայմաններ: Օրինակ, պատկերացրեք պետությունը գումար է տալիս մի սեկտորի կամ ինչ-որ անձանց խմբի՝ սուբսիդավորում է ինչ-որ ապրանքի ներմուծում: Այդ դեպքում մյուսները բնականաբար հայտնվելու են անհավասար մրցակցային դաշտում:

Մեր գործունեության երկրորդ ուղղությունը վերաբերում է պետական մարմնի հակամրցակցային գործողություններին: Դեռ 2018 թվականին ազդարարել ենք, որ հետևելու ենք պետական մարմինների կայացած որոշումներին, գործողություններին, անգործությանը, այն ամենին, որը կարող է հանգեցնել մրցակցային խնդիրների»,- նշեց Գեղամ Գևորգյանը:

Նա տեղեկացրեց, որ ներկայումս 19 ավարտված վարույթ կա պետական մարմինների դեմ: «Պետական գրեթե բոլոր մարմինների, նախարարությունների դեմ ունենք վարույթներ»,- հայտնեց ՄՊՀ նախագահը:

Դրանցից առավել հնչեղներին անդրադառնալու վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ Գեղամ Գևորգյանը պատասխանեց. «Ունեցանք վարույթներ կապված խաղային ոլորտի, արգելված գովազդի հետ: Ուրախությամբ նշեմ, որ բիզնեսի գործընկերներն ընդունեցին բացերը և հիմա ամբողջությամբ փոխում են իրենց քաղաքականությունը: Այսօր արդեն պատասխանների ենք սպասում առևտրային ցանցերի կողմից մատակարարներին իրականացվող վճարումների վերաբերյալ: Կարծում եմ՝ շուտով կավարտենք նաև գյուղմթերքի վճարումների հետ կապված հարցադրումները: Սրանք, կարծում եմ, այն հարցերն են, որոնք հետաքրքրում են հասարակության լայն զանգվածներին: Ուրախությամբ պետք է նշեմ, որ գյուղացիական տնտեսությունների կուտակած պարտքերը բավականին ցածր են՝ կառավարության սուբսիդավորման ծրագրերը զգալիորեն մեղմել են այդ հարցը: Լիահույս եմ, որ մի քանի ամսվա ընթացքում այս հարցը մեկընդմիշտ կփակենք»:

Գեղամ Գևորգյանը ընդգծեց, որ կառավարության գործընկերների հետ իրենց աշխատանքը գտնվում է «երանելի բարձրության վրա»: Նա հավաստիացրեց, որ պետական բոլոր գերատեսչությունները և կառույցները անմիջապես արձագանքում են իրենց հարցադրումներին: «Կարող եմ միանշանակ ասել, որ այս հինգ տարվա ընթացքում, ինչ հանձնաժողովի նախագահ եմ, որևէ խոչընդոտ չի գրանցվել»,- հավաստիացրեց պաշտոնյան:

Նշվեց, որ ՄՊՀ-ն ապահովված է աշխատանքային անհրաժեշտ ուղեցույցներով և մեթոդական ձեռնարկներով: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում