Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում։

Ըստ աղբյուրի՝ Սառա Մորգենթաուն վերահաստատել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի հետ հարաբերություններում նոր տնտեսական հնարավորություններ դիտարկելու և համագործակցության շրջանակի ընդլայնման պատրաստակամությունը, ինչպես նաև իրենց աջակցությունն է հայտնել աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման հարցում։ 

Նշվում է, որ կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ առևտրատնտեսական համագործակցությունը, ՀՀ արտահանման դիվերսիֆիկացման և այդ համատեքստում որպես արտահանման նոր շուկա ամերիկյան մայրցամաքների դիտարկման, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի օգնությամբ արտահանման ռազմավարության մշակման հարցեր, որն այժմ ակտիվ քննարկումների փուլում է։ 

Անդրադարձ է կատարվել 2024 թվականի աշնանը կայանալիք «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հերթական միջոցառման Հայաստանի Հանրապետությունում անցկացմանը, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռում ցուցադրելու Հայաստանի տնտեսական ներուժը և խթանելու նոր գործարար կապեր Հյուսիսային և Հարավային Ամերիկաների հետ։ 

Նախարարության տեղեկացմամբ՝ Գևորգ Պապոյանը պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորություններն ու դրա սկզբունքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում