Ինովացիա

Մոտ 80 գիտնական դրամաշնորհ է ստացել

3 րոպեի ընթերցում

Մոտ 80 գիտնական դրամաշնորհ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 24 խմբում ընդգրկված հայաստանցի 77 գիտնական դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդից (ՀՕՖ) կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ), որն այսուհետ կրում է անվանի աստղաֆիզիկոս, մեծ գիտնական Երվանդ Թերզյանի անունը, այս տարի ներկայացված 189 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 24-ը:

Գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են 16-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5 000 դոլարին համարժեք դրամ:

«Այս դժվար օրերին անգամ ԳԿՀԱՀ-ն չհետաձգեց իր գործունեությունը և կրկին ապացուցեց, որ հավատարիմ է Հայաստանի գիտնականներին աջակցելու իր առաքելությանը։ Ուզում եմ բազում գիտնականների անունից շնորհակալություն հայտնել ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին այս հայրենանվեր առաքելության համար։ Հիմնադրամն առանձնահատուկ է մեզ համար, որովհետև այն այսուհետ կրելու է ԳԿՀԱՀ-ի երջանկահիշատակ նախագահ Երվանդ Թերզյանի անունը։ Դրամաշնորհին արժանացած մեր գիտնականներին մաղթում եմ հետազոտական նոր ձեռքբերումներ և առաջընթաց Հայաստանի գիտության զարգացման գործում»,- նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը։

ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները: 2020-ին ութ դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, հինգ դրամաշնորհ՝ ֆիզիկայի, չորս՝ կենսատեխնոլոգիայի, երեք՝ քիմիայի, երկու՝ կենդանաբանության, մեկ՝ աստղաֆիզիկայի և մեկ՝ հումանիտար։

Անցած 20 տարվա ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել է 2 859 դիմում-առաջարկ: Դրամաշնորհներ են ստացել 512 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել 1 901 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 560 հազար դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում