5 րոպեի ընթերցում
Վերջին տարիներին Հայաստանում էապես ընդլայնվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված պետական աջակցության ծրագրերը՝ ինչպես ֆինանսավորման ծավալների, այնպես էլ մատուցվող ծառայությունների շրջանակի առումով։
«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրերի համար հատկացվող պետական ֆինանսավորման ծավալը 2020 թվականի համեմատ 2025-2026 թվականներին աճել է երեք անգամ։ Ըստ այդմ՝ ավելացել է նաև շահառուների թիվը, ընդլայնվել մատուցվող ծառայությունների շրջանակը։

Նախարարության կողմից իրականացվող հիմնական ծրագրերից մեկն աջակցող միջոցների տրամադրումն է, որի բյուջեն 2025 թվականին հասել է 2.5 մլրդ դրամի, իսկ տրամադրված աջակցող միջոցները՝ շուրջ 35 հազարի՝ 2020 թվականի շուրջ 950 մլն դրամի և տրամադրված 12 հազար աջակցող միջոցների համեմատ։
Ընթացիկ տարում արդեն այդ նպատակով հաստատված բյուջեն գերազանցում է 3 մլրդ դրամը։
Ոլորտում պետական համեմատաբար նոր ծրագրերից է 2024-ին ներդրված անձնական օգնականի ծառայությունը, որը նախատեսված է 15 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Ծրագրի համար պետական բյուջեից նույն տարում հատկացվել է 151 մլն դրամ, իսկ ծառայությունից օգտվել է 100 մարդ։ Արդեն 2025 թվականին ֆինանսավորումն աճել է՝ հասնելով շուրջ 243 մլն դրամի, իսկ շահառուների թիվը՝ մոտ 215-ի։
Անցած տարվանից ներդրվել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների տնային խնամքի ծառայությունը։ Այդ ծրագրի համար 2025-2026 թվականներին նախատեսվել է շուրջ 100 մլն դրամ, իսկ ծառայությունից օգտվում է 170 երեխա։
Միաժամանակ ՀՀ բոլոր մարզերում տնային խնամքի ծառայություններ է ստանում նաև 18 տարեկանից բարձր շուրջ 1400 անձ։

Պետությունը շարունակում է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող անձանց սոցիալական վերականգնողական ծրագրերը։ Այդ շրջանակում կույր անձանց սովորեցնում են ինքնուրույն ապրել, անվտանգ տեղաշարժվել, օգտվել հանրային միջավայրից, հաղորդակցվել և կազմակերպել առօրյան։
Ծրագրի համար տարեկան հատկացվում է շուրջ 11 մլն դրամ, որից օգտվում է շուրջ 30 շահառու։
Բացի այդ, գործում են ցերեկային կենտրոնների սոցիալական վերականգնողական ծառայություններ, որոնց համար տարեկան հատկացվում է մոտ 230 մլն դրամ։ Ծրագրերից օգտվում է շուրջ 445-450 շահառու։
Ապաինստիտուցիոնալացման քաղաքականության շրջանակում պետությունը զարգացնում է համայնքային փոքր տների համակարգը՝ խոշոր հաստատությունների փոխարեն։
Դրանցում կարող է բնակվել առավելագույնը 16 մարդ։ Դրանք նախատեսված են ընտանեկան միջավայրին մոտ պայմաններ ստեղծելու համար, որտեղ բնակիչները համատեղ կազմակերպում են իրենց առօրյան և ինտեգրվում համայնքային կյանքին։
Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվում է շուրջ 245 մլն դրամ։ Ներկայում գործում է 6 համայնքային փոքր տուն, ևս 3-ը ստեղծման փուլում են։
Անդրադառնալով ոլորտում իրականացվելի ծրագրերին՝ Հակոբյանը տեղեկացրեց, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում այժմ կառուցվում է անկախ կյանքի բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կստանան տարբեր ծառայություններ մեկ վայրում։
Կենտրոնում նախատեսվում են նաև անցումային բնակարաններ, որտեղ մասնագետները կօգնեն շահառուներին սովորել ինքնուրույն կենցաղավարել և ապրել անկախ կյանքով։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2026 թվականի սեպտեմբերին, իսկ կենտրոնի գործարկումը՝ 2027 թվականի հունվարից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայում իրականացնում է նաև լայնածավալ ուսումնասիրություն՝ գնահատելու հաշմանդամություն ունեցող անձանց հավելյալ ծախսերը։
Ուսումնասիրության նպատակն է հասկանալ, թե նրանց լիարժեք ներառման համար ինչպիսի ծառայությունների ու աջակցության անհրաժեշտություն կա և ինչ չափով է դրանք արդեն ապահովում պետությունն ու ինչի պակասն է դեռևս զգացվում։
Արդյունքում նախատեսվում է մշակել մեխանիզմներ, որոնց միջոցով պետությունը կփոխհատուցի հավելյալ ծախսերը կամ կընդլայնի անվճար տրամադրվող ծառայությունների ցանկը։
Մշակման փուլում է նաև ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզը, որի նպատակն է ապահովել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք խոշոր հաստատությունների փոխարեն ծառայություններից օգտվեն ու ապրեն իրենց համայնքներում, ընտանիքներում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում և փոդքասթում
