Տեսանյութ

Հայաստանը գինու համաշխարհային քարտեզի կենտրոնում. մեկնարկել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու միջազգային համտես-մրցույթը

5 րոպեի ընթերցում

Գառնու տաճարում հայկական մշակութային շնչով մեկնարկեց աշխարհի ամենահեղինակավոր գինու համտես-մրցույթներից մեկը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը (Concours Mondial de Bruxelles)՝ Հայաստանում համախմբելով 65 երկրից շուրջ 400 միջազգային գինու փորձագետների, լրագրողների, սոմելիեների, ներմուծողների, գնորդների և ոլորտի այլ հեղինակավոր ներկայացուցիչների։  

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց՝ մրցույթի շրջանակում  Հայաստանում համտեսելու են 8000 տեսակ գինի՝ կարմիր սպիտակ և փրփրուն:

««Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ի պատմության մեջ առաջին անգամ մրցույթը կանցկացվի միաժամանակ երկու սեսիայով՝ կարմիր և սպիտակ գինիների և  փրփրուն գինիների: Համտեսը փակ է, համտեսողները չեն տեսնում, որ երկրի ի՞նչ սորտի գինիներ են համտեսում: Համտեսից հետո իրենք անմիջապես գնահատում են, որից հետո հավաքագրվում է ամբողջ տեղեկատվությունը և 10 օրվա ընթացքում արդեն տեղեկացնում են, թե որ  գինին ինչ գնահատականի է արժանացել»,- նշեց Մուրադյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթ-համտեսին ներկայացված են նաև շուրջ 130 տեսակ հայկական գինիներ։ Մուրադյանի խոսքով հիմնադրամն աջակցել է, որպեսզի Հայաստանն ունենա լայն ներկայացվածություն, քանի որ  մրցանակները օգնում են ճանաչում բերել երկրին և գինիներին:

Միջոցառման շրջանակում հյուրերի համար նախատեսված են այցելություններ Հայաստանի գինեգործական հիմնական շրջաններ՝ Վայոց ձոր, Արմավիր, Արագածոտն և Տավուշ, որը հնարավորություն  կտա ծանոթանալու հայկական գինեգործության հարուստ ավանդույթներին, խաղողի տեղական սորտերին և ժամանակակից գինեգործական մշակույթին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ նշեց, որ մրցույթի շնորհիվ  Հայաստանը տեղակայվում է աշխարհի գինեգործական քարտեզի վրա:  

«Մրցույթը հնարավորություն է տալիս այս օրերին գինեգործական միջավայրում անընդհատ խոսել Հայաստանի, հայկական գինեգործական ավանդույթների և հայկական գինու մասին: Սա մեր գինեգործներին հնարավորություն է տալիս շփվել միջազգային մակարդակի գնորդների, սոմելիեների, փորձագետների, բլոգերների, լրագրողների հետ և այդ փորձի միջոցով, իհարկե, հայկական գինին արտահանելի դարձնել և Հայաստանը դարձնել գինու տուրիզմի երկիր: Ինչո՞ւ եմ կարևորում գինու տուրիզմը, որովհետև այսօր աշխարհում երկու գործընթաց է տեղի ունենում: Գինու սպառումը՝ որպես խմիչք, որոշակի անկում է արձանագրում, բայց գինու տուրիզմը զարգացում է ապրում»,- ասաց Պապոյանը:

Նախարարն ընդգծեց՝ այս օրերին Հայաստանում գտնվող ոլորտի տարբեր մասնագետների սոցիալական էջերում բազմաթիվ նյութեր են հրապարակվել Հայաստանի գինեգործական ավանդույթների մասին տարբեր ձևաչափերով, որոնք միլիոնավոր դիտումներ են ունեցել, ինչը ճանաչելիության բարձրացման տեսակետից կարևոր ցուցանիշ է:

«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» համտես-մրցույթի տնօրեն Քվոնտա Հավոն պատմեց, որ Հայաստան առաջին անգամ եկել է  երեք տարի առաջ և չափազանց տպավորվել է  երկրի մշակույթով ու պատմությամբ:

«Մեզ համար ակնհայտ էր, որ պետք է կազմակերպենք այս մրցույթը  հենց այստեղ՝ Հայաստանում, որպեսզի աշխարհին ցույց տանք, թե ինչ կարող է առաջարկել Հայաստանը գինու, բայց ոչ միայն գինու, այլև մշակույթի, պատմության և գաստրոտուրիզմի առումով։  

Նախագիծը կազմակերպելու համար պահանջվեց 3 տարի, բայց մենք իսկապես ուրախ ենք, որ այս տարի այստեղ ենք և  կարող ենք ցույց տալ համտեսողներին, բոլոր այս լրագրողներին, միջազգային գնորդներին, թե ինչ կարող է առաջարկել Հայաստանն աշխարհին։

Մենք բավականին բախտավոր ենք, որովհետև երկու օր շուտ ենք ժամանել՝ երկիրը բացահայտելու նպատակով, որովհետև շատ կարևոր է համտեսողների և հյուրերի համար ոչ միայն գինին բացահայտելը»,- նշեց նա:

Համտես-մրցույթի տնօրենը նշեց՝ արդյունքները կհրապարակվեն հունիսի 10-ին «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ի կայքում։

Մրցույթին կհաջորդի միջազգային շուրջ 30 լրագրողների մասնակցությամբ մեդիատուր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում