Երևան

Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

3 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն՝ ապրիլի 24-ին, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ ապրիլի 24-ին ժամը 6։00-24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն

  • Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցը,
  • Հրազդանի կիրճից դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհահատվածը։

Քաղաքացիների մուտքի և ելքի կազմակերպում

  • Քաղաքացիների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը կկազմակերպվի գլխավոր ծառուղով՝ Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցի կողմից,
  • ելքը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ։

Այստեղից քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։

«Տեղեկացնում ենք, որ հիշատակի միջոցառման խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման նպատակով  արգելվելու է քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ տեղաշարժը՝ բացառությամբ ակնհայտ հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձանց համար։

Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ժամը 07։00- 10։00-ն ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»,– ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում։

Ժամը 20։00-ից կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ ուղղությամբ՝

  • Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա - Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա -Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց - Կիևյան կամուրջ՝ մինչև Հալաբյան և Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում