1 րոպեի ընթերցում
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օրերս ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ իրացման նպատակով ձեռք է բերելու մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված խոշոր չափերի թմրանյութ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ձերբակալել են 29-ամյա աբովյանցուն և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել Ոստիկանության Դավթաշենի բաժին։
Տղամարդը հայտնել է, որ իր վերցրած թմրամիջոցի փաթեթը մեքենայի մեջ է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում «Օպելի» խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ կիլոգրամ 150 գրամ մարիխուանա։
Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։