Հայաստան

Համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր

2 րոպեի ընթերցում

Մալաթիայի և Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: 

Դեռևս անցած տարվա դեկտեմբերին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մի տղամարդ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում ավտոմեքենաներից կատարում է գողություններ։ Հետագա միջոցառումներով պարզվել է տղամարդու ինքնությունը՝ Օհանովի փողոցի բնակիչ, 29 տարեկան։ Պարզվել է նաև, որ նա միայնակ չի կատարել գողությունները։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հետագա լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հունվարի 23-ին Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալվել է 29-ամյա տղամարդը։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հրավիրվեցին նաև հանցակցության մեջ կասկածվող 35-ամյա կինն ու 23-ամյա երիտասարդը։

Ավելի ուշ կատարված խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի վարած ավտոմեքենայում հայտնաբերվել է գողոնի մի մասը՝ ավտոդետալներ նաև ձեռնոցներ, դիմակներ ու պտուտակահաններ։

Դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Ավտոմեքենայից գողության ևս մի դեպք բացահայտել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները։

Գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել է հունվարի 24-ին, Նազարբեկյան թաղամասում կայանված «Շեվրոլե» մակնիշի մեքենայից գողացել էին արջևի թափարգելը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով համայնքային ոստիկանները ստացել են հավաստի տեղեկություն, որ հիշյալ գողությունը կատարել է Մոլդովական փողոցի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։

Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 4-ին նա ներկայացել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին՝ ներկայացնելով գողոնը։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում