Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԱԵ մի խումբ եպիսկոպոսների

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Տելեգրամ»-ի իր էջում վարչապետը հրապարակել է հանդիպման տեսանյութը։

Ողջունելով հոգևոր հայրերին՝ վարչապետն ասել է.

«Սրբազան հայրեր, ուրախ եմ ձեզ տեսնելու համար և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որը դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով։ Ես կարծում եմ, որ այն թեման, որն արծարծել եք դուք ձեր հայտարարության մեջ, անձնավորվածի միջոցով մենք շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ ենք առնչվում։

Ես շատ երկար մտածել եմ և եկել եմ հետևյալ մի հետևության ինքս ինձ համար, որ նաև կիսել եմ հանրության հետ և հարկ եմ համարում կիսել նաև ձեզ հետ, որ մենք շատ խոսում ենք արժեքահեն հանրություն, արժեքահեն պետություն, արժեքահեն հասարակություն ունենալու մասին և դա մեր նպատակը և խնդիրն է, որովհետև, այնուամենայնիվ, ցանկացած պետության իրավական տրամաբանություն հենված է որոշակի արժեքային վրա և չի կարող պետություն լինել, առանց արժեքային համակարգի։ Մեր արժեքներն առաջին հերթին առնչվում են մեր հոգևոր արժեքներին։ Եվ, իրականության մեջ, ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները, նրանք մեծապես կանխորոշում են նաև պետության և հասարակության արժեքահեն լինելը։

Սա մի խնդիր է, որի հետ առնչվելը և որի վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելը մեր պետության հետագա զարգացման և ճակատագրի համար ունի շատ կարևոր առնչություն, և ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, ես տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության, ուստի ես հարկ համարեցի հրավիրել ձեզ հանդիպման և զրույցի և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը և պատրաստ եք նման խոսակցության և քննարկման»:

Ավելի վաղ Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ հայտարարություն էին տարածել, որով իրենց բողոքին էին արտահայտել առ այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընթացք չի տվել և փորձում է կոծկել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի արարքը, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել։     

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն ասել է, որ որպես Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ՝ որդիական խոնարհությամբ և նախանձախնդրությամբ է ընդունել այդ հայտարարությունը, իսկ որպես պետության ղեկավար՝ վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում է այն։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում