7 րոպեի ընթերցում
Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը բարձրակարգ կադրերի պատրաստման լավագույն դարբնոցն է և մասնագետների պնդմամբ՝ դիվանագիտական ծառայության անցնելու հիմնական ուղին։ Ուսումնական հաստատությունը բոլորել է իր գործունեության 15-ամյակը և այսօր էլ արդյունավետորեն շարունակում է արտաքին գործերի նախարարության համակարգի համար ապագա արհեստավարժ դիվանագետների պատրաստման գործընթացը։
2011-2024 թվականների ընթացքում Հայաստանի դիվանագիտական դպրոցի վերապատրաստման տարբեր ծրագրերին մասնակցել են ոչ միայն ՀՀ ԱԳՆ, այլև պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների շուրջ հինգ հարյուր ներկայացուցիչներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրենի ԺՊ Տաթևիկ Պետրոսյանը նշեց, որ 15 տարիների գործունեության ընթացքում դիվանագիտական դպրոցն ունեցել է մեծ ձեռքբերումներ, իսկ վերջին տարիներին սկսել է ոչ միայն վերապատրաստման դասընթացներ առաջարկել մեր հայրենակիցներին, այլև օտարերկրյա դիվանագետներին։

«Մեզ մոտ երկշաբաթյա վերապատրասման դասընթացներ են իրականացվում մասնավորապես Մերձավոր Արևելքի, Հեռավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի, աֆրիկյան մի քանի պետությունների երիտասարդ դիվանագետների համար։ Մենք ունենք յուրահատուկ ծրագիր՝ «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն»։ Դիվանագետների պատրաստման դասընթացը բաղկացած է տեսական ու գործնական առարկաներից։ Մեզ մոտ դասավանդելու են գալիս աշխարհի տարբեր երկրների առաջնակարգ մասնագետներ ու դասախոսներ։ Ուսումնական տարվա ընթացքում իրականացվում է պրակտիկա և ուսումնական այց եվրոպական մի շարք քաղաքներում տեղակայված միջազգային կազմակերպությունների ու եվրոպական կառույցների կենտրոնակայաններ»,- նշեց Պետրոսյանը։
Դպրոցում սովորողներն այդ կերպ հնարավորություն են ստանում ներքին հայացք գցել նշված կառույցների աշխատանքին, ավելի մոտիկից ծանոթանում դրանց գործունեությանը, ինչպես նաև այցելում են վերոհիշյալ քաղաքներում տեղակայված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ՝ հանդիպելով դեսպանների և դիվանագետների հետ։
«Մեզ մոտ դասավանդվում են միջազգային հարաբերություններին և դիվանագիտությանը վերաբերվող բոլոր հիմնական առարկաները։ Մեր ուսումնական ծրագրերը համապատասխանեցնում ենք արտերկրի բուհերի ծրագրերին և բովանդակությանը։ Ունենք շատ հարուստ գրադարան, որն ամեն տարի թարմացվում է նոր ձեռնարկներով։ Մեզ մոտ գալիս են սովորելու ոչ միայն ԱԳՆ-ում աշխատելու համար։ Շրջանավարտներն աշխատանքի են ընդունվում նաև տարբեր կազմակերպություններում, պետական գերատեսչություններում, ինչպեսև շարունակում են գործունեություն ծավալել գիտության ոլորտում»,- մանրամասնեց Պետրոսյանը։
Նրա հավաստմամբ՝ թեև գոյություն ունի կադրերի պատրաստման որոշակի սահմանափակ թիվ, այդուհանդերձ, ամեն տարի շրջանավարտների մոտ 90 տոկոսը համալրում է Հայաստանի դիվանագիտական կորպուսի կազմը։
«Մենք հուշագրեր ենք ստորագրել գործընկեր հաստատությունների՝ տարբեր երկրների դիվանագիտական դպրոցների, ակադեմիաների և արտաքին ուսումնասիրությունների ինստիտուտների հետ։ Համագործակցում ենք նաև արտերկրի բուհերի հետ՝ հրավիրելով դասախոսների, որոնք մեզ մոտ տարբեր թեմաներով կարդում են բավականին հետաքրքիր դասախոսություններ ինչպես ունկնդիրների, այնպես էլ գործող դիվանագետների և այլ գերատեսչությունների աշխատակիցների համար»,- ասաց Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրենի ԺՊ-ն։
Վահագն Մնացականյանը Հայաստանի դիվանագիտական դպրոցի 2023 թվականի շրջանավարտներից է և այժմ աշխատում է ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչությունում։ Մինչ այդ նա սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և իրավագիտության ֆակուլտետներում։

«Կցանկանայի ընդգծել դիվանագիտական դպրոցի բարձր կրթական մակարդակը։ Այստեղ դասավանդում են աշխարհահռչակ բուհերի և տվյալ ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք ունկնդիրների հետ կիսվում են ոչ միայն տեսական գիտելիքներով, այլև գործնական հմտություններով։ Ծրագիրը բարեհաջող ավարտելուց հետո դպրոցն ընձեռում է հնարավորություն աշխատանքի անցնել ԱԳՆ-ում, ուստի նրանց, որոնք հետաքրքրվում են արտաքին քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով, խորհուրդ կտայի անպայման օգտվել այս հնարավորությունից»,- ասաց Մնացականյանը։
Շողեր Սահակյանը նույնպես Հայաստանի դիվանագիտական դպրոցի շրջանավարտներից է, ավարտել է 2021 թվականին։ Մինչ այդ սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Նրա ուսումնառության ժամանակահատվածը համընկավ համաճարակի շրջանի հետ, որը մարտահրավերներ բերեց ոչ միայն դպրոցի անձնակազմի, այլև ունկնդիրների համար, բայց դրանք հաղթահարվեցին, և Սահակյանն այժմ աշխատում է ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչությունում։

«Դիվանագիտական ծառայության անցնելուց հետո հնարավորություն ընձեռվեց աշխատանքային փորձաշրջան անցնել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչություններում։ Աշխատանքային փորձաշրջանը համընկավ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի հետ, որի ընթացքում մասնակցեցի նստաշրջանում մեր մշտական ներկայացուցչության աշխատանքներին»,- ասաց Սահակյանը։
Վահրամ Մղդեսյանը դիվանագիտական դպրոցն ավարտելու է այս տարի և մտադիր է աշխատանքի անցնել ԱԳՆ-ում։ Մինչ այդ նա սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում, մասնագիտությամբ արաբագետ է։

«Դպրոցում սովորողներն ունեն բացառիկ հնարավորություն՝ ստանալու բազմաբովանդակ գիտելիքներ, ինչպես նաև շփվել ոլորտի լավագույն օտարերկրյա մասնագետների հետ։ Դիվանագիտական դպրոցը հաջող ավարտելու պարագայում հույս ունեմ անցնել աշխատանքի ՀՀ ԱԳՆ-ում և գործունեություն ծավալել մասնագիտությանս համապատասխան»,- ասաց Մղդեսյանը։
16 տարի առաջ սեպտեմբերին Հայաստանի Դիվանագիտական դպրոցը սկսեց իր գործունեության նախապատրաստական աշխատանքները, իսկ այսօր արդեն դարձել է մեր երկրի հաստատուն և կայուն զարգացող ուսումնական հաստատություններից մեկը։
