Մշակույթ

Ֆիլհարմոնիկ նվագախումբը Բեթհովենի 250-ամյակը կնշի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնով

2 րոպեի ընթերցում

Ֆիլհարմոնիկ նվագախումբը Բեթհովենի 250-ամյակը կնշի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնով

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականը կնշանավորվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյա և Բեթհովենի 250-ամյա հոբելյանների տոնակատարություններով: Այդ կապակցությամբ նվագախումբը կիրականացնի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվագախումբը կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, մի շարք կոնցերտներ, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը:

«Մտածեցինք, որ Հայաստանն անպայման պետք է մասնակցի Բեթհովենի 250-ամյա հոբելյանին: Վեց համերգային ծրագրով կներկայացնենք կոմպոզիտորի հրաշալի դաշնամուրային սոնատները, երեք համերգ կնվիրենք դաշնամուրի և թավջութակի սոնատներին, երեք երեկո` դաշնամուրի և ջութակի սոնատներին, չորս համերգով հանդես կգան մեր քառյակները: Լինելու են սիմֆոնիկ և երգչախմբային համերգներ»,-դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Դիլիջանում կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ: Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում