Մշակույթ

Ֆիլհարմոնիկը տարին կամփոփի հանրահայտ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլու հետ համերգով

2 րոպեի ընթերցում

Ֆիլհարմոնիկը տարին կամփոփի հանրահայտ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլու հետ համերգով

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2019 թվականի համերգային տարին կավարտի համաշխարհային մեծության աստղ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլու հետ համատեղ համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Բունիաթիշվիլին բացառիկ մենակատար է, որի հետ ներկայացնելու ենք Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրային կոնցերտը, իսկ համերգի երկրորդ բաժնում` Ռիմսկի-Կորսակովի «Շեհերեզադե» ստեղծագործությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Նա նշեց, որ տարին իրենց համար շատ հետաքրքիր էր: «Երեք օպերային նախագիծ ենք իրականացրել: Կարծում եմ` «Օթելլո»-ն ցնցող էր, Երևանյան միջազգային երաժշտական փառատոնն էր տպավորիչ, հիանալի էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում համագործակցությունը տարբեր մենակատարների հետ: Գլխավոր ձեռքբերումներից մեկն այն է, որ բոլոր համերգներին լավ հանդես եկանք: Ելույթներ ունեցանք այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Անդրեյ Բորեյկոն և այլք»,-շեշտեց գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Թոփչյանի խոսքով`իր կարևորագույն նպատակը նվագախմբի մակարդակը բարձր պահելն է: «Ամեն օր այս մտքով գալիս եմ փորձի և այդ մտքով հեռանում: Մեր նվագախումբ շատ լավ է նվագում, և դա մեծագույն ձեռքբերում է»,- եզրափակեց Էդուարդ Թոփչյանը:

Աշխարհի լավագույն նվագախմբերը տարիներ շարունակ բանակցում են Խատիա Բունիաթիշվիլու հետ ելույթ ունենալու համար: Բունիաթիշվիլու հետ համագործակցությունը հնարավոր դարձավ ՀԱՖՆ-ի և «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի շնորհիվ՝ ի դեմս ասոցիացիայի նախագահ Վարդուհի Խաչատրյանի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում