Հասարակական

«Ու ես կերթամ դեպի աղբյուրը  լույսին». Դանիել Վարուժանի դպրոցը շուքով նշել է բանաստեղծի 135-ամյակը

6 րոպեի ընթերցում

«Ու ես կերթամ դեպի աղբյուրը  լույսին». Դանիել Վարուժանի դպրոցը շուքով նշել է բանաստեղծի 135-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմտահայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցը մշտապես լայնածավալ ու հարուստ բովանդակությամբ միջոցառումներով է տոնում ականավոր հայերի հոբելյանները`մատաղ սերնդին ևս մեկ անգամ հիշեցնելով նրանց թողած մշակութային ժառանգության, գրի ու գրականության կարևորության մասին:

2019 թվականին դպրոցը գեղեցիկ նախաձեռնություններով անդրադարձել է Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի 150-ամյակներին` տարին ամփոփելով Դանիել Վարուժանի 135-ամյա հոբելյանին նվիրված «Ու ես կերթամ դեպի աղբյուրը լույսին» խոշոր միջոցառմամբ: Տոնին մասնակցել են ոչ միայն դպրոցի աշակերտները, այլև տարիներ առաջ ավարտած վարուժանցիները, որոնք մեծ սիրով ու գորովանքով են վերադարձել իրենց կրթօջախ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անուշ Ասլանյանն ասաց, որ հիմնականում իրականացնում են միջոցառումներ, որոնք գիտակրթական ուղղվածություն ունեն: «Տարին սկսեցինք թումանյանական շաբաթով. յուրաքանչյուր երրորդ դասարան իր պատկերացմամբ ու մեկնաբանությամբ պետք է ներկայացներ ամենայն հայոց բանաստեղծին: Շարքը հագեցած ու շատ հետաքրքիր ստացվեց: Զարմանալի է, բայց որևէ դասարան չկրկնեց մյուսի մոտեցումը»,-պատմեց տնօրենը:

Նա շեշտեց, որ Թումանյանին նվիրված միջոցառում են իրականացրել ութերորդ և իններորդ դասարանների աշակերտների հետ, պատրաստել են «Թումանյան-Կոմիտաս» բեմադրությունը, նախաձեռնել են ֆլեշմոբներ` նվիրված հանդուրժողականությանը. չեն մոռանում նշել նաև Գիրք նվիրելու օրը:

«Որոշեցինք տարին եզրափակել վարուժանյան ոգով` կազմակերպելով բանաստեղծի 135-ամյակին նվիրված «Ու ես կերթամ դեպի աղբյուրը լույսին» միջոցառումը, որին մասնակցում էին նաև տարբեր սերունդների շրջանավարտներ` երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, դերասան Արմեն Առաքելյանը: Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը, դերասան Սամվել Թոփալյանը տեսակապով միացան ու ասմունքով շնորհավորեցին բոլորիս: Նրանց ընդգրկելով` փորձեցինք աճող սերնդին ցույց տալ, թե որքան տաղանդավոր մարդիկ են սովորել այս դպրոցում»,-ընդգծեց Ասլանյանը:

Նրա հավաստիացմամբ`անկախ նրանից, թե ինչ ոլորտում են հետագայում գործունեություն ծավալում վարուժանցիները, նրանք պոեզիայի հրաշալի գիտակներ են: «Մենք միշտ ասում ենք, որ պոեզիան հոգու կամերտոնն է. այն մարդը, որը պոեզիա չգիտի, նրա հոգին չոր է»,-ասաց դպրոցի տնօրենը:

Անդրադառնալով առաջիկայում նախատեսված կարևոր նախաձեռնություններին` նա տեղեկացրեց, որ պատրաստվում են «89-րդ օր» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը ուսուցիչների արժևորման, գնահատման մոտիվացիոն մեխանիզմ է: Մրցանակներ հանձնվում են «Սիրված ուսուցիչ», «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դասարան», «Լավագույն դասղեկ», «Լավագույն դասվար», «Լավագույն աշակերտ», «Լավագույն ծնող», «Վարուժանին արժանի ժառանգորդ» և այլ անվանակարգերում: «Աշակերտական խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է լավագույններին: Միջոցառումը կառուցվում է հումորային ձևաչափով ու անակնկալներով»,-սպասվող իրադարձության փակագծերը բացեց Ասլանյանը:

Տնօրենի տեղակալ, «Ու ես կերթամ դեպի աղբյուրը լույսին» սցենարի հեղինակ և ռեժիսոր Օֆելյա Հովհաննիսյանն էլ խոստովանեց, որ տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում բավականին դժվար է երեխաներին գրքին կապելը, բայց Վարուժանի անվան դպրոցի աշակերտները սիրում են ընթերցել: «Երբ պատրաստում ենք որևէ միջոցառում կամ ներկայացում, նրանք տվյալ հեղինակի գործն ամբողջությամբ կարդում են, ուսումնասիրում: Հատկապես սիրում են Դանիել Վարուժանի ստեղծագործությունները, այնինչ Վարուժան ընթերցելը բավականին բարդ է, հասկանալը` ոչ դյուրին: Ուսուցիչների շնորհիվ մեր սաները հեշտությամբ են ըմբռնում Վարուժանի գործերը, քանի որ մանկավարժները բացատրում ու ներկայացնում են ամեն մի բառն ու խոսքը: Մեր դպրոցն ավարտած ցանկացած տարիքի մարդ կարող է առնվազն երկու կամ երեք ստեղծագործություն ներկայացնել Վարուժանից»,- հպարտությամբ ասաց նա:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ դպրոցում գործում է «Վարուժնակ» երգչախումբը, որը հրաշալի կատարում է Կոմիտասի գործերը: Ամեն դասարանից մեկ կամ երկու աշակերտ է ընդգրկված երգչախմբում, և նրանց շնորհիվ երգերը տարածվում են նաև դասարանում:

Նախկին տնօրեն Օֆելյա Պետրոսյանը, որը տարիներ առաջ մեծ սիրով էր նախաձեռնել Դանիել Վարուժանի հարյուրամյակին նվիրված միջոցառման իրականացումը, շեշտեց, որ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցը շատ երաժշտական է. այնտեղ են սովորել նաև հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ջազային երաժիշտ Արմեն Հյուսնունցը:

«Հետաքրքիր է`այս դպրոցում սովորում են շրջանավարտների երեխաները, հետո` թոռները: Երբ ես դպրոցի տնօրեն էի, մեր աշակերտներից 28 կամ երեսուն հոգու ընդունել էինք որպես ուսուցիչ, քանի որ տասը տարի այստեղ կրթվելով` գիտեին դպրոցի նիստուկացը, մթնոլորտը, ինչը շատ էր թեթևացնում մեր աշխատանքը: Վարուժանին նվիրված միջոցառմանը դպրոցի բոլոր սերունդներն էին մասնակցում, և նա այն բանաստեղծն է, որը լույսի աղբյուրն է դարձել: Մեր շրջանավարտները միշտ վերադառնում են դպրոց, և այդ անվերջ վերադարձի կամուրջը մշտապես եղել է»,-ընդգծեց Պետրոսյանն ու հավելեց, որ դպրոցն այսպիսին է, որովհետև հիմքում մշակույթն է:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները` դպրոցի պաշտոնական էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում