Հասարակական

Կուսուցանվի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը

4 րոպեի ընթերցում

 Կուսուցանվի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում դեկտեմբերի 19-ին բացվեց «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության բաժինը, որտեղ արդեն իսկ սովորում է 14 ուսանող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը

ՀՀ կառավարությունը մասնագիտությունների ցանկում «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը ավելացել է Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցության շրջանակում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Դիանա Գանապետյանը նշեց, որ «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունն ավարտելուց հետո ուսանողները դառնալու են սառնարանային տեխնիկներ:

«Մեր քոլեջը տարիներ շարունակ պատկանում է հանրապետության առաջատար ուսումնական հաստատությունների թվին, քանի որ զինված է նորարարական տեխնիկայով, սարքերով: Մեզ մոտ ուսուցանվում է հյուրանոցային սպասարկում, մենեջմենթ, շուկայաբանություն, հանրային սննդի տեխնոլոգիա, հաշվապահական հաշվառում, ապահովագրական գործ: Այս տարի պիլոտային ծրագրով ստեղծվել է սառնարանային տնտեսություն մասնագիտությունը, որը, հուսով եմ, կկարողանանք պատշաճ կերպով մատուցել տվյալ կրթությունը: Այս ոլորտն այսօր համարվում է առաջատար գյուղատնտեսության, տնտեսության զարգացման համար: Մեր ուսանողներն ավարտելուց հետո դառնալու են սառնարանային տեխնիկներ և տիրապետելու են սառնարանային մթերքի, պտուղ-բանջարեղենի տեխնոլոգիական պահպանման գործընթացին, սարքերի աշխատանքին»,- ասաց Գանապետյանը և հավելեց, որ քոլեջում, ընդհանուր առմամբ, սովորում է 564 ուսանող, որոնցից 14-ը՝ նոր ավելացած սառնարանային տնտեսության բաժնում:

Նրա խոսքով՝ սառնարանային տնտեսության տեխնիկան (բարոմետրեր, ճնշում չափող և այլ սարքեր) տրամադրել է Եվրոպական միությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք շատ են կարևորում որակյալ կրթություն ու ծառայություններ մատուցելու հարցը:

«Լավ մասնագետներին զուգահեռ մենք պետք է ունենանք լավ ենթակառուցվածք, որպեսզի մասնագիտությունները թերի չուսուցանվեն և ոլորտում խնդիրներ չլինեն: Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի գործընկերների հետ համագործակցությամբ ստեղծել ենք այս լաբորատորիան, որը զինված է տեխնիկայով: Հուսով եմ, որ 3 տարի հետո ուսանողները կդառնան լիարժեք մասնագետներ և շուկայում որակ կապահովեն»,- շեշտեց Հարությունյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ համաշխարհային հանրությունը գնում է օզոնաքայքայիչ նյութերի կրճատմանը, և Հայաստանն էլ այդ գործընթացների մաս է կազմում:

«Նոր տեխնոլոգիաները՝ օդակարգավորիչները կամ սառնարանային տնտեսություններն օզոնի քայքայման առումով ավելի քիչ վնաս են տալիս: Շատ եմ կարևորում այս մասնագիտության ավելացումը»,- ընդգծեց Գրիգորյանը:

Սառնարանային տնտեսություն մասնագիտությունն ուսուցանվում է նաև Արարատի և Արմավիրի մարզերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում