Հասարակական

Ռեկտորները բարձրագույն կրթության նոր նախագծի հիմքում տեսնում են ճկունություն և որակի բարձրացում

4 րոպեի ընթերցում

Ռեկտորները բարձրագույն կրթության նոր նախագծի հիմքում տեսնում են ճկունություն և որակի բարձրացում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերին ճկունություն, կրթության որակն ավելի բարձրացնելու հնարավորություններ. այսպես բնորոշեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մի շարք բուհերի ռեկտորներ:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը նշեց, որ ինքը ծանոթ է նախագծի մշակման գործընթացին դեռ սկզբից: Ակտիվորեն մասնակցել է քննարկումներին, ներկայացրել առաջարկություններ:

«Օրենքի նախագիծը բավական երկար, մանրամասն քննարկվել է: Մենք բոլոր ռեկտորներով նախարարի մոտ մեր դիտարկումները ներկայացրել ենք: Հիմա վերջին տեսքով նախագծին ծանոթ եմ, բավական փոփոխություններ են արվել, և ներկա վիճակով այն ինձ համար խնդրահարույց չէ: Անհանգստացնող որևէ կետ չեմ նկատում»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Լիլիթ Արզումանյանը: Նրա խոսքով, այս օրենքի նախագիծը միտված է դաշտը կարգավորելուն, անդրադառնում է բոլոր ուղղություններին: Այն բաց տեղ չի թողնում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նշեց, որ այս օրենքի նախագիծը մի քանի դրույթներով որակին միտված էական փոփոխություններ է առաջարկում: Մասնավորապես, նա ընդգծեց բուհերի ինքնավարության հնարավորությունների ընդլայնումը:

«Ուսումնական գործընթացում կրթական ծրագրերի մշակման առումով չափորոշիչներ որպես այդպիսիք խիստ սահմանված չեն, ինչը նշանակում է, որ բուհերն ավելի ճկուն կարող են լինել և համապատասխանեցնել իրենց ու շուկայի պահանջները: Գործող օրենքով այդ ճկունությունը բուհերին տրված չէ»,-ասաց Դիանա Գալոյանը: Նրա խոսքով, նոր օրենքի նախագծով բուհերն իրենք են սահմանում ուսանողների հեռացման, վերականգնման կարգը: Դրանից բացի, ընդլայնվել են ֆինանսական ինքնավարության հնարավորությունները:

«Բուհերն ավելի ազատ են դարձել սեփական ֆինանսները կառավարելու առումով: Գործող օրենքի համաձայն՝ եթե գույքը բուհի սեփականությունն է և տրվում է վարձակալության, ստացված գումարները չեն մնում բուհին: Առաջարկվող նախագծով այդ եկամուտները տնօրինելու է բուհը»,-ասաց Դիանա Գալոյանը: Դրանից բացի, եթե հետազոտական ծրագրերով ստացած գումարները տարվա ընթացքում ամբողջությամբ չեն ծախսվել, մնացածը վերադարձվել է: Նոր նախագծով այդ գումարը մնալու է բուհի տնօրինության ներքո:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն ընդգծեց, որ առաջարկվող նախագիծը լուրջ առաջընթաց է գործող օրենքի նկատմամբ: Տրված են մի շարք հարցերի լուծումներ, որոնք տարիներ շարունակ քննարկվել են, հանդիսացել են խնդիրներ բարձրագույն կրթության համակարգում:

«Նախագծում ներառված են բարձրագույն կրթության որակին միտված մի շարք դրույթներ: Մասնավորապես, գոյություն ունեցող հեռակա ուսուցման ձևը փոխվում է: Այն փոխարինված է մասնակի բեռնվածության ուսուցման կարգով: Դա համահունչ է միջազգային պրակտիկային: Ուսանողները կարող են իրենք ընտրել իրենց ծանրաբեռնվածությունը ուսումնական տարում»,-ասաց Կարինե Հարությունյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե բուհերի ինքնավարության հնարավորության առումով որոշ ուսանողներ մտահոգություններ ունեն՝ կապված ուսումնական խորհուրդներում կառավարման գործընթացի հետ, Դիանա Գալոյանը նշեց, որ այստեղ ևս փոփոխություններ են եղել:

«Կառավարման խորհրդում 50/50 համամասնությունը պահպանվել է, բայց առաջընթաց կա այն առումով, որ այժմ քաղաքական բաղադրիչը վերացած է այն անդամների համար, որոնց նշանակում է լիազոր մարմինը: Այդ անդամները պետք է պարտադիր լինեն գիտության, կրթության, մշակույթի, այսինքն՝ մասնագիտական ոլորտներից»,-ասաց նա:

Բուհերի ռեկտորները կարևորեցին օրենքի նախագծով բուհերում հետազոտական բաղադրիչի հզորացմանն ուղղված դրույթները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում