Հասարակական

Դպրոցների դասագրքերի բովանդակությունը կփոխվի, առարկաները կկրճատվեն

2 րոպեի ընթերցում

Դպրոցների դասագրքերի բովանդակությունը կփոխվի, առարկաները կկրճատվեն

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի սկսել է հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթաց: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը՝ ներկայացնելով արդյունքները, նշեց, որ մի շարք առարկաների պետական չափորոշիչները և ծրագրերը վերջին անգամ վերանայվել են 15 տարի առաջ:

«Վերանայելով չափորոշիչները և ուսումնական պլանները՝ նպատակ ունենք բարելավել առարկաների դասավանդման որակը, կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը, առանձնահատուկ ուշադրություն դարձնել հայագիտությանը և բնագիտական առարկաներին»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Արևիկ Անափիոսյանը: Արդյունքում փոխվելու է դասագրքերի բովանդակությունը:

Առարկայական ծրագրերը վերանայվում են մի քանի սկզբունքով: Նախարարի տեղակալի խոսքով՝ իրենց համար շատ կարևոր է, որ հնարավորինս ինտեգրացված գործընթաց լինի: Նա նշեց, որ մի շարք առարկաներ են դասավանդվում, որոնք ներդրվել են տարբեր գերատեսչությունների կամ կառույցների հետաքրքրությունները ինչ-որ չափով բավարարելու տեսանկյունից: Նախարարությունը կարծում է, որ դրանք կարող են բովանդակային առումով ինտեգրված լինել տարբեր առարկաների միջև: Օրինակ, ձեռնարկատիրական կրթությունը ինտեգրված է «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Տեխնոլոգիա» առարկաների միջև: Նախարարությունը դիտարկում է և՛ առարկաների թվի կրճատում, և՛ եղածների բովանդակային փոփոխություն, մատուցման պարզեցում:

«Առարկաների դասավանդումը կկազմակերպվի այնպես, որ հնարավորության տրվի քննադատության, վերլուծական հմտությունների զարգացման համար: Մշակվելու է ուսուցիչների վերապատրաստման համար մոդուլներ, որոնք լինելու են ինչպես առարկայի բովանդակությանը, այնպես էլ մեթոդաբանությանը վերաբերող»,-ասաց նախարարի տեղակալը: Ծրագիրը հաջորդ սեպտեմբերից նախատեսվում է փորձնական իրականացնել Տավուշի մարզում, իսկ հետագայում քիչ-քիչ անցում կատարել մյուս մարզերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում