Հասարակական

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կընդլայնվի

2 րոպեի ընթերցում

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կընդլայնվի

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում սննդով ապահովվում են Հայաստանի բոլոր մարզերի տարրական դասարանի աշակերտները՝ բացի Երևանից:

Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ մեկն իրականացվում է ազգային ծրագրի մակարդակով, մյուսը՝ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով:

«Դա միտված է երեխաների համար ճիշտ սննդակարգ ապահովելուն, ինչը նպաստում է դասերի ընթացքում առավել կենտրոնացմանը, ուղեղի զարգացմանը: Մենք ունենք հետազոտություն՝ ըստ որի, այն երեխաները, որոնք ունենում են ճիշտ սննդակարգով նախաճաշ, ավելի լավ կրթական արդյունք են դրսևորում, քան մյուս երեխաները»,- ասաց նախարարի տեղակալը:

Նախարարությունը նպատակ ունի ամբողջությամբ անցում կատարել ազգային ծրագրին. դա նշանակում է, որ Հայաստանի բոլոր մարզերի առաջինից երրորդ դասարանի երեխաների սննդի համար վճարելու է պետությունը: Այս գործընթացն իրենից ենթադրում է նաև դպրոցների խոհանոցների վերանորոգում, համապատասխան սարքավորումներով հագեցում, խոհարարների վերապատրաստում: Ծրագիր է մշակվելու Երևանում ևս նման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Հեռահար նպատակներն այն են, որ դպրոցների հարևանությամբ լինեն փոքրիկ այգիներ, որի բերքը հնարավոր լինի օգտագործել դպրոցական սնունդը ապահովելու նպատակով: Ներկայում քննարկումներ են ընթանում ՄԱԿ-ի գործընկերների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում