«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնին հանգանակվել է 10,235,847 ԱՄՆ դոլար

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնի արդյունքում, որն անցկացվել է նոյեմբերի 28-ին «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին» խորագրով, նախնական տվյալներով հանգանակվել է 10,235,847 ԱՄՆ դոլար: Հանգանակությունները դեռևս շարունակվում են, և վերջնական արդյունքներն ամփոփվելու են տարեվերջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ասաց, որ հեռուստամարաթոնը միակ դրամահավաքը չէ, որն իրականացնում է հիմնադրամը տարվա ընթացքում: «Այս տարվա գարնանը մեր մշակած նոր ռազմավարությունը միտված է փոքր նվիրատվություններով, բայց շատ մարդկանց ներգրավել հիմնադրամի աշխատանքներում և այդ մարդկանց միջոցով ծրագրեր իրականացնել, ինչն էլ կբարձրացնի մասնակցությունը, ներկայացվածությունը և մեր հաշվետվողականությունը»,-շեշտեց նա:

Անդրադառնալով «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին» համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնին`Արշամյանը տեղեկացրեց, որ արդեն խոստում ունեն 10,235,847 ԱՄՆ դոլարի, ինչը ցույց է տալիս, որ դրամահավաքը չի ավարտվել: «Հիմնականում մեր կայքում դրված օնլայն նվիրատվության գործիքով փորձում ենք գումար հավաքել և խրախուսում ենք մարդկանց ոչ թե մեկ անգամ որոշակի գումար տալ, այլ դառնալ մեր բաժանորդները և իրենց կրեդիտ քարտը գրանցելով հիմնադրամի կայքում` ամեն ամիս որոշ գումար նվիրաբերել հիմնադրամին: Մեզ համար կարևոր է ոչ թե ունենալ հինգ կամ տասը նվիրատու, որոնք մեզ կտան տասը, քսան կամ երեսուն միլիոն դրամ, այլ ունենալ հարյուր հազարավոր նվիրատուներ, որոնք ամեն ամիս կարող են 500 կամ 1000 դրամ փոխանցել հիմնադրամին»,-նշեց գործադիր տնօրենը:

Արշամյանի խոսքով` այս տարի Իրանում, Շվեդիայում, Կանադայում, Լիբանանում և Ավստրիայում դեռևս դրամահավաք չեն սկսել, քանի որ Իրանում տնտեսական խնդիրներ կան, իսկ անցյալ տարի Իրանից մոտ մեկ միլիոն դոլար գումար է հանգանակվել, Լիբանանում նույնպես հետաձգվել է դրամահավաքը, Կանադայում միշտ տարվա սկզբում է իրականացվում և այլն: Այդ երկրներում հետագայում իրականացվող դրամահավաքի արդյունքները կավելանան հեռուստամարաթոնի գումարներին: «Ֆրանսիան այս տարի ռեկորդակիր է և մոտավորապես 2 մլն 900 հազար դոլարից ավել գումար է հանգանակել: Գերմանիան մոտավորապես 72 հազար 704 եվրո է նվիրաբերել, Հունաստանը` 26 հազար դոլարից ավելի, Շվեյցարիան մոտավորապես քսան հազար դոլար է տվել, Մեծ Բրիտանիայից 70 հազար դոլարի խոստում ստացանք, բայց երեկ տեղեկացանք, որ ևս 250 հազար դոլարի խոստում կա, այսինքն՝ Մեծ Բրիտանիայի գումարը դառնում է 320 հազար դոլար: Ընդհանուր առմամբ Եվրոպայից հանգանակվել է 3,361, 938 ԱՄՆ դոլար»,-շեշտեց հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նա հավելեց, որ Արգենտինայից նվիրաբերվել է մոտավորապես 94 հազար դոլար, Ավստրալիայից` 24 հազար 7 հարյուր դոլար, Եգիպտոսից` տասը հազար դոլար, Բրազիլիայից`42 հազար դոլար, իսկ Տորոնտոն` 700, 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերվել, Հայաստանն ու Արցախը միասին նվիրաբերել են 1 մլն 822 հազար 732 դոլար, «Տաշիր» գրուպը` 1 մլն 500 հազար դոլար է նվիրաբերել, Սանկտ Պետերբուրգից Հրաչյա Պողոսյանը` 7 հազար 772 դոլար: ԱՄՆ-ից հանգանակվել է 2,843,405 դոլար:

Արշամյանն անդրադարձավ նաև քննարկումների առիթ դարձած այն դիտարկմանը, թե ժամանակին հիմնադրամը 35 մլն դոլար էր հավաքում, իսկ այժմ տասը միլիոն դոլար: «Օրինակ 2008-ին խոստացվել է 35 մլն դոլար, բայց հիմնադրամ մուտք է եղել տասը մլն 884 հազար դոլար: Այսինքն՝ հայտարարված և իրական մուտքագրված թվերը տարբեր են եղել: Եվ հայտարարել, որ այս կամ այն մարդու ղեկավարած տարիներին ավելի շատ գումար է հավաքվել, քան հիմա, բացարձակ ճիշտ չէ: Եղել են տարիներ, որ հայտարարվել է ավելի ցածր գումար, բայց ավելի շատ գումար է հավաքվել: Պատճառները տարբեր են. հավաքագրված գումարների և խոստումների տարբերությունը հաճախ շատ մեծ է լինում: Երբեմն այս կամ այն կազմակերպությունը փոշմանում է, կամ գործարարը ֆինանսական խնդիրներ է ունենում և չի կարողանում տալ այն գումարը, որը խոստացել էր և այլն»,-պարզաբանեց նա:

Արշամյանը նաև հիշեցրեց, որ հեռուստամարաթոնի նախօրեին #armeniafundchallenge հեշթեգով սկսել էր ֆեյսբուքյան մարտահրավերների մի շարք, որով կոչ էր անում նվիրաբերել մեկ գավաթ սուրճի գումարը հիմնադրամի երկու կարևոր ծրագրերի իրականացման համար: Մարտահրավերը լայն տարածում ստացավ, երբ ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին` կոչ անելով ամսական պարբերական նվիրատվություն կատարել հիմնադրամին: Թանկյանն ու Օհանյանն ընդունեցին մարտահրավերը իրենց հերթին մարտահրավեր նետելով ամերիկահայ հայտնի գործիչներին: Մարտահրավերի արդյունքում մինչ օրս հավաքվել է 326 հազար դոլար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզում` Տավուշում, Լոռիում, Շիրակում: Բազմաթիվ համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը