Մշակույթ

Թաթուլ Ալթունյանի անվ. երգի-պարի անսամբլը «Անուշը» ներկայացրեց կոմիտասյան ամբողջացված մեղեդիներով

2 րոպեի ընթերցում

Թաթուլ Ալթունյանի անվ. երգի-պարի անսամբլը «Անուշը» ներկայացրեց կոմիտասյան ամբողջացված մեղեդիներով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանների կապակցությամբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը ներկայացրեց Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի երաժշտական բեմադրությունը՝ կոմիտասյան մեղեդիներով, որոնք ամբողջացրել և նորակերտել է կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Բեմադրող-ռեժիսոր Ժիրայր Դադասյանն ասաց, թե մանկուց ենք լսել, որ Կոմիտասը «Անուշ»-ի երաժշտական նյութը պատրաստել էր օպերայի համար: «Ինչ-ինչ պատճառներով դա կիսատ էր մնացել, այնուհետև Տիգրանյանն իրականացրեց «Անուշ» օպերան, որը շատ հայտնի է և սիրված: Հետաքրքրականն այն է, որ Կոմիտասն այդ մեղեդիները մշակել էր հատուկ ազգային նվագարանների համար: Այսօր առաջին անգամ կհնչի կոմիտասյան 15 մեղեդի, որոնք ամբողջացվել են «Անուշ» պոեմի դրամատուրգիայում: Իմ խնդիրն էր չխանգարել այդ երաժշտությանը, այն պատկերով չփակել և նպաստել, որ պատկերը, պարը, էկրանային լուծումները համահունչ ու ներդաշնակ լինեն»,-պատմեց Դադասյանը:

Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի տնօրեն Գրիգոր Ոսկանյանի խոսքով` Կոմիտասին միշտ կարելի է նորովի բացահատել, որովհետև նա անսպառ է: «Այս աշխատանքը շատ պատասխանատու է: Փորձել ենք հնարավորինս բնօրինակին մոտ ներկայացնել ամբողջը: Մեղեդիների ամբողջացումն ու նորակերտումը հայրս է իրականացրել: Նշեմ, որ կոմիտասյան «Անուշ»-ն ի սկզբանե գրված է եղել ազգային նվագարանների և հայ երգեցողության համար, ինչը բնորոշ է մեր անսամբլին: Հուսամ` այս մոտեցումը դուր կգա հանդիսատեսին»,-ասաց Ոսկանյանը:

Ներկայացումը, որի առաջնախաղն անցավ լեփ-լեցուն դահլիճում, բուռն ծափողջյուններով ընդունվեց հանդիսատեսի կողմից:

«Անուշ»-ը կյանքի կոչվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում