Տնտեսություն

Հայաստանում 2019-ի հոկտեմբերին սննդամթերքը թանկացել է 0.1%-ով՝ համաշխարհային գների 6% աճի համեմատ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2019-ի հոկտեմբերին սննդամթերքը թանկացել է 0.1%-ով՝ համաշխարհային գների 6% աճի համեմատ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով այն դեպքում, երբ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6 տոկոսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միացյալ ազգերի կազմակերպության սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի համաձայն 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6 տոկոսով:

Իսկ Հայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով:

Սա հիմնականում եթե ոչ բացառապես երկրում տնտեսական մրցակցության խորացման հետեւանք է: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ էր տեղի ունենում նախկինում. համաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում էր ասենք 2 տոկոսով, Հայաստանում թանկանում էր մի 4-5 տոկոս:

Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին անցած տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի դիտարկած բոլոր երկրներից միայն Հայաստանում է գնանկում արձանագրվել:

Այսինքն այս տարվա սեպտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ նշված բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ, եւ միայն Հայաստանում գները նվազել են՝ 2.1 տոկոսով»,- գրել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում