Պաշտոնական

ԱՄՆ-ն սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, մեծ նշանակություն տալով հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացմանը՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը: Փոխվարչապետը նաև նշել է, որ այս տարի տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության առաջին նիստը լուրջ քայլ էր երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար:

Դեսպան Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին և մասնակցությանը տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Նա հավելել է, որ ԱՄՆ աջակցության այս տարվա 40% ավելացմամբ իրենք պատրաստ են օգնել այն ծրագրերի իրականացմանը, որոնք բխում են բարեփոխումների մասով Հայաստանի կառավարության սահմանած առաջնահերթություններից:

Հանդիպման ընթացքում Դեբորա Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցները քննարկել են նաև հանրային կառավարման բարեփոխումների, բարձր տեխնոլոգիաների, արդարադատության ոլորտներին վերաբերող համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադառնալով թվայնացման գործընթացներին՝ փոխվարչապետը նշել է, որ մոտ երեք տարվա ընթացքում նախատեսվում է պետության կողմից մատուցվող ծառայությունների ճնշող մեծամասնությունը թվայնացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում