Հասարակական

Թուրինի իրազեկման հանդիպմանը բարձրաձայնվեցին միջին-մասնագիտական ոլորտին վերաբերող խնդիրներ

4 րոպեի ընթերցում

Թուրինի իրազեկման հանդիպմանը բարձրաձայնվեցին միջին-մասնագիտական ոլորտին վերաբերող խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական կրթական հիմնադրամի նախաձեռնած Թուրինի 2018-2020 թվականների գործընթացի իրազեկման հանդիպմանը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին, քննարկվեցին Հայաստանում մասնագիտական կրթության, ուսուցման քաղաքականության վերաբերյալ մի շարք հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ասաց, որ Թուրինյան գործընթացը նախնական և միջին-մասնագիտական ոլորտի համապարփակ վերլուծության հնարավորություն է տալիս: «Այն մեկնարկել է 2010 թվականից, և սա վերլուծության հինգերորդ շրջափուլն է: Փորձ է արվում կրթության, զբաղվածության և ֆինանսների ոլորտում իրականացվող քաղաքականության փոխազդեցության միջոցով հասկանալ, թե որքանով են այդ գործընթացներն ազդեցություն ունենում տնտեսության զարգացման վրա»,-շեշտեց Անափիոսյանը:

Նա հավելեց, որ Թուրինյան գործընթացը ենթադրում է որոշակի մեթոդաբանություն, որի միջոցով պետությունում ուսումնասիրվում է կրթական դաշտն ու առաջարկություններ են արվում այն մասին, թե ինչ միջոցներ, քայլեր ու միջոցառումներ է պետք ձեռնարկել, որոնք կարող են նպաստել կրթության միջոցով աշխատաշուկայի բարելավմանը:

«Խոսքը հատկապես այն աշխատաշուկայի մասին է, որը պահանջում է ոչ թե բարձրագույն, այլ միջին-մասնագիտական կրթություն: Մենք պետք է փորձենք ուսուցում իրականացնել` հենվելով աշխատանքի վրա. միջին-մասնագիտական կրթության ապագան բացառապես պայմանավորված է նրանով, որ կարողանանք հնարավորինս հմտություններ հաղորդել այն մարդկանց, որոնք այդ կրթությունն են ստանում, ուստի աշխատանքի հիման վրա իրականացվող կրթության մոդելը` դուալ կրթությունը մեծ նշանակություն է ստանում»,-նշեց փոխնախարարը:

Անափիոսյանն ընդգծեց, որ, երբ ուսումնասիրում են աշխատաշուկան, տեսնում են, որ հաճախ աշխատանքը այս կամ այն բնագավառում տրվում է բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, այնինչ այդ աշխատանքը կարող էր տրվել միջին մասնագիտական կրթություն ստացած մարդուն: «Մենք պետք է փորձենք ճիշտ փաթեթավորմամբ ներկայացնել միջին մասնագիտական կրթությունը»,- եզրափակեց նա:

Միջոցառմանը մասնակցեց նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, որն անդրադարձավ Հայաստանում ներդրումներ իրականացնելու կարևորությանը: «Կարծում եմ` դուք ունեք կայացած տնտեսության մաս, որն օժանդակության կարիք ունի: Օրինակ` գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական սննդի մշակումը: Մենք ունենք մեծ ծրագրեր գյուղատնտեսության, կրթության և ուսուցման առաջընթացին օժանդակելու համար: Ըստ իս` դա մեծ ներդրում կլինի Հայաստանի ներուժի ու տնտեսական զարգացման հեռանկարի համար»,-նշեց նա:

Եվրոպական կրթական հիմնադրամը զբաղվում է Եվրամիության ոչ անդամ, բայց գործընկեր երկրներում մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև զբաղվածության համակարգերի բարեփոխումներին օժանդակելով: Այն աշխատում է պետությունների կառավարությունների հետ, Հայաստանում գործում է ավելի քան քսան տարի: 2010 թվականին սկսվել է Թուրինի գործընթացը, որն ուսումնասիրում է գործընկեր երկրներում գործող մասնագիտական կրթության համակարգերը, դրանց վիճակը, զարգացումները, բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև վեր է հանում խնդիրները, որպեսզի դրանց լուծման քաղաքականություն առաջարկի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում