Հասարակական

ԿԳՄՍ նախարարը տեղյակ է Դրախտիկի դպրոցի վիճակի մասին

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը տեղյակ է Դրախտիկի դպրոցի վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում իր էջի գրառումով անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցի վերաբերյալ տարածվող հրապարակումներին՝ նշելով, որ նման «դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ»:

«Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքում այս ժամերին տարածվում են Դրախտիկի դպրոցի վիճակի սարսափելի լուսանկարները: Ես գիտեմ այդ խնդրի մասին, անձամբ եմ եղել այդ դպրոցում: Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից: Սա մեկ միլիոն, երկու միլիոն, քսան միլիոն և նույնիսկ հարյուր միլիոն դրամի խնդիր չէ: Դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ:

Գիտեք, որ անցած մեկ ու կես տարում տասնյակ դպրոցներում սկսվել են վերանորոգումներն ու վերակառուցումները, շուտով, որպես տարվա ամփոփում, համապարփակ տվյալներ կներկայացնենք: Միայն հաջորդ տարի մեր բյուջեով կապիտալ ծախսերը չորս անգամ ավելացել են: Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք: Մեզ պարզապես ժամանակ է պետք:

Այսօր խոսել եմ մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Դպրոցը մարզային ենթակայության է: Մարզպետը տեղեկացրեց, որ այս տարի տարբեր միջոցներով իրականացրել են պատուհանների փոփոխություն: Այս պահին այլ լուծումներ էլ են տալիս, տարվում են աշխատանքներ դպրոցը գազով ջեռուցելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում