Մշակույթ

Համերգներ՝ նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանին

3 րոպեի ընթերցում

Համերգներ՝ նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին: Համերգների իրականացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգը, որին կմասնակցեն Արցախի պետական ջազ-նվագախումբը և Արցախի պետական երգչախումբը, ինչպես նաև Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները:

Կհնչեն ամիրխանյանական սիրված մեղեդիներ, այդ թվում՝ «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Հայրենի երկիր», «Հայի աչքեր», «Պույպույ մկնիկ» և այլ ստեղծագործություններ:

Բոլոր ստեղծագործությունները Ռոբերտ Ամիրխանյանի՝ ջազ-նվագախմբի և երգչախմբի համար արած նոր գործիքավորմամբ կհնչեն առաջին անգամ:

Նոյեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Տարիների սիրված մեղեդիներ» երեկոն, որին կմասնակցի նաև կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայանը (Գերմանիա):

Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էդուարդ Միրզոյանի դասարանը: Եղել է Հայկական ռադիոյի երաժշտական խմբագիրը: 1984-ին նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի, իսկ 1986-ին՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: 1991-2013 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: Հեղինակել է ավելի քան 300 երգ, վոկալ շարքեր, օպերետ («Ատամնաբույժն արևելյան»), երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: Գրել է այնպիսի հայտնի և սիրված երգեր, ինչպիսիք են «Հայի աչքեր», «Հայրենի երկիր» և այլն: 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2012 թվականին «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում