Հասարակական

Մասնագետները մտահոգ են բարձրագույն կրթության և գիտության նախագծով. նրանք առաջարկում են վերանայել այն

5 րոպեի ընթերցում

Մասնագետները մտահոգ են բարձրագույն կրթության և գիտության նախագծով. նրանք առաջարկում են վերանայել այն

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության ոլորտի մի խումբ մասնագետներ անընդունելի են համարում վերջերս շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մի շարք դրույթներ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մասնագետները բարձրաձայնեցին նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանն ասաց, որ նախագիծը բուհերին և ակադեմիական ինստիտուտներին է ներկայացվել սեպտեմբերին:

«Ակադեմիայից և բուհական համակարգից բացասական կարծիքներ ստանալով` ՀՀ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ որևէ սկզբունքային հարցում զիջման չեն գնալու: Մենք հոկտեմբերի 28-ին բաց նամակով դիմեցինք ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին և ԱԺ նախագահին: Բաց նամակը տեղադրեցինք համացանցում` ազատ ստորագրությունների համար»,-պատմեց ամբիոնի վարիչը:

Նա շեշտեց, որ պահանջը մեկն է` չեղարկել նախագիծը, որի բազմաթիվ կետեր վտանգավոր են. հատկապես վտանգավոր է բուհերում հայոց լեզվի, հայ գրականության ու հայոց պատմության պարտադիր ուսուցման դրույթի բացակայությունը:

Մովսիսյանի խոսքով` բուհական կառավարման մասին դրույթով հանրային բուհի կառավարման խորհուրդը պետք է բաղկացած լինի 12 հոգուց, որից միայն չորսը պետք է լինեն բուհի ներկայացուցիչներ, իսկ վեցին նշանակելու է ԿԳՄՍ նախարարը: «Դա կանխորոշում է ռեկտորի նշանակումը, իսկ ռեկտորը կարող է նշանակել բոլոր դեկաններին: Նման բան անգամ Խորհրդային Միության կարգերի ժամանակ չի եղել: Այդպես բուհերը դրվում են դիկտատորային կառավարման տակ, ինչը հակասում է բուհական ինքնավարության բոլոր սկզբունքներին»,-ընդգծեց նա:

ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանն ասաց, որ հայտարարել են համերաշխության մեկօրյա գործադուլ: Ակնկալում են հարցի հրատապ քննարկում բոլոր շահագրգիռ իրավասու կողմերի և ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ընդգծեց, որ ոլորտում խնդիրները շատ են, բայց զարմանալի է, որ կացինն իջնում է հայագիտական առարկաների վրա: Նա շեշտեց, որ պետք չէ ծառի չորացած ճյուղը կտրելու փոխարեն ամբողջ ծառի արմատը կտրել:

ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի հեղինակները նշում են, որ հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները խանգարում են, քանի որ մեր կրթական նոր համակարգը միտված է տեխնոլոգիական արդի տնտեսությանն ու շուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը: «Ստացվում է, որ եթե մեզ չի հաջողվել թռիչքաձև տնտեսական զարգացում ունենալ, եթե չի հաջողվել Հայաստանը դարձնել սիլիկոնային հովիտ, ապա հայոց լեզուն ու պատմությո՞ւնն են խանգարում: Եթե հանենք այս առարկաները, տնտեսական հեղափոխությո՞ւն ենք ունենալու: Եթե անգամ ունենանք, ո՞վ ասաց, որ այս կամ այն մասնագետին անհրաժեշտ չէ հայոց լեզու, գրականություն ու պատմություն իմանալ»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը միացավ մյուս բանախոսներին ու ընդգծեց, որ հարցի լուծման համար հանրային քննարկում է հարկավոր:

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի խոսքով՝ լեզուն առաջին հերթին հաղորդակցման միջոց է: «Եթե մենք բուհերում հայոց լեզու չդասավանդենք, վաղը ոչ մի մասնագետ չի կարողանա իր միտքն արտահայտել հայերենով: Ի վերջո, մենք հասել ենք նրան, որ հայերենը դարձել է գիտության լեզու»,-ասաց նա:

Բանախոսներն, այնուամենայնիվ, հույս հայտնեցին, որ ներկայիս իշխանությունները ողջախոհ կլինեն և չեն ընդունի նախագիծը:

Վերջերս շրջանառության մեջ է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում