ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդավոր անհատների պատկերող սև ու սպիտակ լուսանկարներ, հետաքրքիր կերամիկական աշխատանքներ, գեղանկարչական գործեր: Այս բոլոր ցուցանմուշները ներկայացված են վավերագրող լուսանկարիչ Էդուարդ Թադևոսյանի և նկարչուհի Անի Քանանյանի «Միացում» խորագրով ցուցահանդես-պերֆորմանսում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համատեղ ցուցահանդեսով, որը բացվեց զույգի՝ Որմնադիրների փողոցում գտնվող սեփական տանը, Էդուարդն ու Անին նշեցին հարաբերությունների օրինականացումը:
«Տունը գնելու ծրագրեր չունեինք, բայց, երբ գտանք այն, որոշեցինք, որ պետք է լինի մեր բնակարանը, արվեստանոցն ու ցուցասրահը: Հենց այստեղ էլ օրինականացրինք մեր կապը: Հավանական է, որ հետագայում երիտասարդ ստեղծագործողներին հնարավորություն տանք ցուցահանդեսներ կազմակերպել այս տանը: Սա մշակույթն ապակենտրոնացնելու հնար է: Ուզում ենք՝ հին Երևանի խուլ փողոցներում էլ լինեն ցուցասրահներ, որտեղ կարելի է սուրճ խմել, զրուցել ու ստեղծագործել»,- նշեց Թադևոսյանը:
Անդրադառնալով ներկայացված լուսանկարներին՝ նա ասաց, որ դրանք արվել են 2015-2018 թվականներին: Մի մասը Մոսկվայում, մյուս մասը`Հայաստանում: Թադևոսյանը խոստովանեց, որ սև ու սպիտակ է լուսանկարում ավելի քան տասը տարի: Սկզբում այդպես հեշտ է եղել, իսկ հետո ձեռագիր է դարձել:
Լուսանկարչի աշխատանքներում Երևանի դիմագիծը դարձած մարդիկ են՝ ժամանակին մայրաքաղաքում շրջող միայնակ ծերունի Վոլդեմարը, նկարիչ Զուլում Գրիգորյանը, Իսկրա տատը և այլք: «Ռուսաստանում էի, երբ լուսանկարեցի աշխարհի ամենածեր պոռնո դերասանին, որը կյանքից հեռացել է 2015 թվականին: Խոսքը Դեյվիդ Տոմբակի մասին է: Նա Մոսկվայում փորձարարական թատրոնում էր խաղում: Ինձ հատկապես հետաքրքրում են աշխատող մարդիկ` հացթուխը, կոշկակարը… Իմ առաջ դրել եմ խնդիր՝ արխիվացնել այսօրվա իրականությունը, լուսանկարել տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որոնց մի մասն աշխատում է 20-րդ դարից մնացած գործիքներով, մյուս մասն էլ` գերժամանակակից տեխնիկայով»,-պատմեց Թադևոսյանը:
Անի Քանանյանն էլ ասաց, որ ցուցասրահում աշխատելու է, և հույս ունի, որ բազմաթիվ ստեղծագործություններ են ծնվելու այդտեղ: «Այս կերպ ցանկանում ենք մշակույթը բերել արվարձաններ»,- շեշտեց նա:
Խոսելով իր աշխատանքներից՝ նկարչուհին տեղեկացրեց, որ վեց տարի կերամիկական գործեր է ստեղծում: «Կավն այնքան լայն հնարավորություններ ունի, որ կարելի է համադրել բնական այլ նյութերի հետ ու արվեստի յուրօրինակ նմուշներ ստանալ: Ոգեշնչման աղբյուրս բնությունն է, որին միանում են իմ զգացողությունները, և ծնվում են այս մինիմալիստական աշխատանքները: Ներկայացված է ինը գործ: Դրանք ստեղծվել են ութ տարվա ընթացքում: Իմ խնդիրը նյութի վերաիմաստավորումն է: Կավով հնարավոր է անընդհատ փորձարկումներ անել»,-շեշտեց արվեստագետը:
Ցուցահանդեսին, որի համադրողներն են Մարինե Կարոյանը և Նազարեթ Կարոյանը, ներկա էին զույգի մտերիմները, հարազատները, ոլորտի ներկայացուցիչները, մարդիկ, որոնք մեծ դերակատարություն ունեն Էդուարդի և Անիի կյանքում: Երբ հյուրերը մուտք էին գործում ցուցասրահ, Էդուարդը լուսանկարում էր նրանց: Արվեստասերները լուսանկարը փակցնում էին ցուցասրահում՝ այսպիսով դառնալով ցուցահանդեսի մասնակիցներից մեկը: Նրանք նաև իրենց մատնահետքերն էին թողնում կավի վրա՝ յուրովի շնորհավորելով ամուսնական զույգին:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները տրամադրել է Էդուարդ Թադևոսյանը