Հասարակական

Ուսանողները նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց

2 րոպեի ընթերցում

Ուսանողները նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն նոյեմբերի 7-ի առավոտյան քայլերթի մասնակցած մի խումբ երիտասարդներն անժամկետ նստացույց են սկսել գերատեսչության շենքի դիմաց: Ուսանողները պահանջում են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Նստացույցին մասնակցում են ԵՊՀ հայ բանասիրության, աստվածաբանության, պատմության ֆակուլտետների ուսանողները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարության մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված։

Հարությունյանը, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ հրաժարական կտա միայն այն դեպքում, երբ իր լիազորությունները սկսի լավ չկատարել: «Տարբեր պատճառներ կարող են լինել, սակայն այժմ այդ իրավիճակը չէ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում նախարարը գրել էր, որ իրենց նախարարության ներկայացուցիչները, ինքն անձամբ պատրաստ է բոլոր հարցադրումներին պատասխանել, քննարկել դրանք այնքան ժամանակ, մինչև փարատվեն բոլոր կասկածները:

Նա դիմել էր ուսանողներին և նշել, որ իրենք պատրաստ են ուղիղ շփվել նրանց խմբերի հետ:

Նոյեմբերի 6-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողների նախաձեռնած դասադուլին միացել են նաև Պատմության ֆակուլտետի որոշ ուսանողներ: Ուսանողների մեկ խումբ էլ ստորագրահավաք է իրականացրել, որպեսզի բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցման պարտադիր լինելն օրենքով ամրագրելու պահանջով դիմի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում