Հասարակական

Երևանում մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերը

4 րոպեի ընթերցում

 Երևանում մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերը տալիս են Հայաստանի և Եվրամիության միջև բարձրագույն կրթության ոլորտում հասանելի դրամաշնորհային և ռազմավարական համագործակցության հնարավորություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկատվական օրերի ընթացքում հրապարակվելու են Էրազմուս+ ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2020թ. Էրազմուս+ առաջարկների ամփոփիչ մրցույթում:

Հանրությունը նոյեմբերի 7-ին և 8-ին կտեղեկանա Հայաստանում Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի իրականացման արդյունավետության և շարունակականության հնարավորությունների մասին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Էրազմուս+ ծրագիրը 24 տարվա մեջ առաջին անգամ է իրենց նախարարությունում իրականացվում:

«Այս փաստը խորհրդանշական է: Սա վկայում է այն մասին, որ ծրագրի իրականացումը նպաստում է Հայաստանի ԲՈւՀ-երի կարողությունների հզորացմանը: Անցած տարիների ընթացքում, Հայաստանի շատ ԲՈւՀ-եր, ինչպես նաև նախարարությունը մասնակցություն են ունեցել բարձրագույն կրթության արդիականացման տարբեր հանգուցային լուծմանն ուղղված բազմաթիվ նախագծերում: Դրանց շուրջ ձևավորված ԲՈւՀ-ական կոնսորցիումները ներառել են եվրոպական և տարածաշրջանային մեծաթիվ համալսարաններ»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նախագծերի իրականացման արդյունքում իրենց լուծումն են ստացել բարձրագույն կրթության բարեփոխումների այնպիսի հենքային խնդիրներ, ինչպիսիք են՝ ԲՈւՀ-երի որակի ապահովման մեխանիզմների ձևավորումը, կրեդիտային համակարգի ներդրման հարցերը, բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, միջազգայնացմանն ուղղված վերափոխումները:

«Մենք ակնկալում ենք նախագծերի իրականացման ավելի էական ազդեցություն ԲՈւՀ-ական միջավայրի վրա՝ մշակված և ներդրված մեխանիզմների տևական զարգացման տեսանկյունից: Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն այժմ արմատական բարեփոխումների շեմին է, շրջանառության մեջ է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որը լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի բարձրագույն կրթության արագընթաց զարգացման համար»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Հարությունյանը շեշտեց, որ Էրազմուս+ ծրագրի նախագծերը կարող են էապես խթանել բարձրագույն կրթության բարեփոխումների իրագործմանը:

Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը նշեց, որ շատ կարևոր է աջակցել երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց ուսումը արտերկրում:

«Մենք նաև փորձում ենք այնպես անել, որպեսզի երիտասարդները սովորելուց հետո վերադառնան Հայաստան և աշխատեն իրենց երկրում: Մեզ համար շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը և հատկապես Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևորում են նմանատիպ նախաձեռնությունները: Մենք մեծ քանակությամբ հիասքանչ հնարավորություններ ենք ընձեռում երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան սովորել և աճել»,- ասաց Վիկտորինը:

Նա հպարտությամբ նշեց, որ 2019 թվականին 13 հայ, որից 10-ը կին՝ ստացել է ամբողջական կրթաթոշակ:

Նոյեմբերի 8-ին տեղեկատվական օրերը տեղի կունենան Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում:

«Էրազմուս+»-ը ԵՄ ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը գործելու է 2014-2020 թթ. ընթացքում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 14.774 մլրդ եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում