Հասարակական

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում դասադուլ են անում և ստորագրություններ հավաքում

3 րոպեի ընթերցում

  ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում դասադուլ են անում և ստորագրություններ հավաքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մի մասը դասադուլ է իրականացնում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դասադուլի կազմակերպիչներից, ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց ակցիան նախազգուշացնող բնույթ է կրում:

«Սա ուղղակի նախազգուշական ակցիա է, նախարարությունում թող սա ընդունեն որպես նախազգուշացում: Նախարարին էլ կոչ եմ անում նման որոշում կայացնելուց առաջ խորհրդակցի մասնագետների հետ: Եթե մարդու ոտքը ցավում է, այդ ոտքը բուժում են, ոչ թե կտրում»,- ասաց Գյուլումյանը։

Երևանի պետական համալսարանի ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին դասադուլի հետ կապված որևէ մանրամասն տեղեկություն չունի: «Մեր լրագրողն այս պահին դեպքի վայրում է, սպասում ենք, որ գա, որպեսզի մենք էլ տեղեկանանք, թե ինչ է կատարվում: Դասերի ավարտից հետո կարող ենք ասել, թե ուսանողներից քանիսն են մասնակցել դասադուլին»,- ասաց Էմին-Տերյանը: Նա նշեց, որ իր տեղեկություններով դասադուլի միացել են նաև ֆակուլտետի մի քանի դասախոսներ:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին զբաղված է, և չի կարող պատասխանել մեր հարցերին:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սամվել Եղիազարյանըներկայացրեց ուսանողական ևս մեկ ակցիա.Հայաստանի տարբեր բուհերի շուրջ 700 ուսանող պատրաստվում է բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցման պարտադիր լինելն օրենքով ամրագրելու պահանջով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ նպատակով ստորագրահավաք են կազմակերպել: «Նամակին կցելու ենք նաև ստորագրությունները: Ստորագրահավաքին այս պահին միացել է շուրջ 700 ուսանող, որոնց թվում ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի բոլոր ուսանողներն են, Պատմության ֆակուլտետից ուսանողներ կան, այլ բուհերի ուսանողներ ևս»,-ասաց նա:

Սամվել Եղիազարյանը հայտնեց, որ իրենք ստորագրություններն ու բաց նամակը բարձրաստիճան պաշտոնյաներին կուղարկեն մոտ օրերս, իսկ իրենց ստորագրահավաքին զուգահեռ նման ակցիա է իրականացվում նաև դասախոսների կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում