Պաշտոնական

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ԵՄ փաստաթղթերի կիրարկմանն ուղղված միջոցառումների կատարումը

2 րոպեի ընթերցում

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ-ԵՄ փաստաթղթերի կիրարկմանն ուղղված միջոցառումների կատարումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ նոյեմբերի 4-ին կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստին, որպես հանձնաժողովի անդամ, մասնակցել են նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հանձնաժողովի անդամները քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզում ներառված 2019 և 2020 թվականների միջոցառումների կատարողականը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արդարադատության, միգրացիայի, ֆինանսների, ոստիկանության, տրանսպորտի և բնապահպանության ոլորտներում արդեն իսկ իրականացված քայլերին և սպասվող միջոցառումներին:

Առանձին միջոցառումների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են համապատասխան կետերի կատարման ընթացքը: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակվել մի շարք միջոցառումների առավել արդյունավետ կերպով իրականացման հնարավորությունների շուրջ:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և ակնկալել նաև առաջիկայում սպասվելիք միջոցառումների կատարումը՝ համահունչ ճանապարհային քարտեզի ժամանակցույցին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում