ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 3-ին, ժամը 09:10-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Աննա Պ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և կողաշրջվել: Արտահոսք չի հայտնաբերվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: