Եվս մեկ հաջողություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևեր տարբեր կոնգրեսականներ նախկինում ևս ներկայացրել են: 2000թ.-ից ի վեր սա կոնգրեսականների կողմից ներկայացված թվով չորրորդ բանաձևն է, որն, ի տարբերություն նախորդ երեքի, հասել է մինչև քվեարկության փուլ և ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 405 կողմ և 11 դեմ, ընդունվել ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի կողմից:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը նոր խթան է ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային արշավի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից: Այն կարևոր նախաձեռնություն է, որը վերահաստատում է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի դիրքորոշումը մեզ համար կարևոր այս հարցի վերաբերյալ:

Այս բանաձևի ընդունումը կարևոր է ցեղասպանությունների կանխարգելման ուղղված ջանքերի համատեքստում: Այն ունի նաև կարևոր բարոյական և քաղաքական նշանակություն, քանզի դրական խթան է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, մարդկության դեմ ուղղված ծանրագույն ոճրագործությունների դեմ պայքարում:

Չթերագնահատելով բանաձևի ընդունման կարևորությունը՝ միաժամանակ այս քայլը պետք է դիտարկել ռացիոնալության շրջանակներում: Նախ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախկինում ևս՝ 1975 և 1984 թվականներին, ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր: Բացի այդ, այն իր տեսակով հանդիսանում է պարզ բանաձև (simple resolution) և չունի իրավական ուժ: Այն քվեարկության չի դրվելու ԱՄՆ Սենատում և չի ուղարկվելու նախագահին:

Կարևոր է ընդգծել, որ այս փուլում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը պատահական չէ՝ հաշվի առնելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա լարվածությունը՝ կապված Սիրիայում Թուրքիայի վերջին գործողությունների հետ, որոնք լուրջ դժգոհություններ են արժանացել Ներկայացուցիչների պալատի ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական կոնգրեսականների շրջանում: Հետևաբար, բանաձևի ընդունումը պետք է դիտարկել նաև միջազգային զարգացումների շրջանակներում՝ որպես հայ-ամերիկյան շահերի ճիշտ համընկնելու արդյունք:

Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ այժմ ԱՄՆ-ն նախագահական ընտրություների նախապատրաստման ակտիվ փուլում է և Ցեղասպանության թեման կարող է ներամերիկյան քաղաքական դիսկուրսի առարկա դառնալ՝ 2020 թվականին սպասվող նախագահական ընտրությունների նախընտրական պայքարի համատեքստում:

Ամփոփելով, պետք է նշել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ԱՄՆ հայկական համայնքի, լոբբիստական կառույցների, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության լրջագույն ջանքերի արդյունք է, և այն կարող է հիմքեր ստեղծել հետագայում ԱՄՆ Կոնգրեսի կողմից այլ՝ ընդհուպ իրավական ուժ ունեցող բանաձևի ընդունման համար:

Աննա Չիչյան

Հայերեն

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան