Վերլուծություն

Եվս մեկ հաջողություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում

3 րոպեի ընթերցում

Եվս մեկ հաջողություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևեր տարբեր կոնգրեսականներ նախկինում ևս ներկայացրել են: 2000թ.-ից ի վեր սա կոնգրեսականների կողմից ներկայացված թվով չորրորդ բանաձևն է, որն, ի տարբերություն նախորդ երեքի, հասել է մինչև քվեարկության փուլ և ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 405 կողմ և 11 դեմ, ընդունվել ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի կողմից:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը նոր խթան է ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային արշավի, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից: Այն կարևոր նախաձեռնություն է, որը վերահաստատում է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի դիրքորոշումը մեզ համար կարևոր այս հարցի վերաբերյալ:

Այս բանաձևի ընդունումը կարևոր է ցեղասպանությունների կանխարգելման ուղղված ջանքերի համատեքստում: Այն ունի նաև կարևոր բարոյական և քաղաքական նշանակություն, քանզի դրական խթան է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, մարդկության դեմ ուղղված ծանրագույն ոճրագործությունների դեմ պայքարում:

Չթերագնահատելով բանաձևի ընդունման կարևորությունը՝ միաժամանակ այս քայլը պետք է դիտարկել ռացիոնալության շրջանակներում: Նախ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախկինում ևս՝ 1975 և 1984 թվականներին, ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր: Բացի այդ, այն իր տեսակով հանդիսանում է պարզ բանաձև (simple resolution) և չունի իրավական ուժ: Այն քվեարկության չի դրվելու ԱՄՆ Սենատում և չի ուղարկվելու նախագահին:

Կարևոր է ընդգծել, որ այս փուլում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը պատահական չէ՝ հաշվի առնելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա լարվածությունը՝ կապված Սիրիայում Թուրքիայի վերջին գործողությունների հետ, որոնք լուրջ դժգոհություններ են արժանացել Ներկայացուցիչների պալատի ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական կոնգրեսականների շրջանում: Հետևաբար, բանաձևի ընդունումը պետք է դիտարկել նաև միջազգային զարգացումների շրջանակներում՝ որպես հայ-ամերիկյան շահերի ճիշտ համընկնելու արդյունք:

Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ այժմ ԱՄՆ-ն նախագահական ընտրություների նախապատրաստման ակտիվ փուլում է և Ցեղասպանության թեման կարող է ներամերիկյան քաղաքական դիսկուրսի առարկա դառնալ՝ 2020 թվականին սպասվող նախագահական ընտրությունների նախընտրական պայքարի համատեքստում:

Ամփոփելով, պետք է նշել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ԱՄՆ հայկական համայնքի, լոբբիստական կառույցների, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության լրջագույն ջանքերի արդյունք է, և այն կարող է հիմքեր ստեղծել հետագայում ԱՄՆ Կոնգրեսի կողմից այլ՝ ընդհուպ իրավական ուժ ունեցող բանաձևի ընդունման համար:

Աննա Չիչյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում