Հասարակական

Քայլեր են ձեռնարկվում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի զարգացման ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

Քայլեր են ձեռնարկվում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի զարգացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն պաշտոնապես հայտարարեցին «Համագործակցության խթանում՝ հանուն մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի մեկնարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի նպատակն է նպաստել կայուն և ներառական սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ՄԿՈւ-բիզնես համագործակցության կայացման միջոցով՝ խթանելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը և բարելավելով Լոռու և Սյունիքի մարզերի ՄԿՈւ հաստատությունների կարողությունները:

Ծրագրի նպատակն է մշակել այնպիսի Աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈւ) նորարարական մոդել, որը կնպաստի երիտասարդների զբաղվածության խթանմանը և կնվազեցնի մասնագիտական հմտությունների և աշխատաշուկայի պահանջարկի միջև եղած անհամապատասխանությանը, ինչպես նաև կխթանի համագործակցությունը ՄԿՈւ հաստատությունների և մասնավոր հատվածի միջև:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ տարեց տարի մեծանում է ՄԿՈւ հաստատություններում սովորելու պահանջարկը:

«Մենք աշխատանքներ ենք տանում այս ուղղությամբ, որպեսզի հետաքրքրության մեծացմանը զուգահեռ ուշադրություն դարձվի նաև որակին: Իրականացնում ենք տարբեր ծրագրեր ԵՄ-ի հետ: Բյուջետային աջակցության շրջանակում իրականացնում ենք միջին մասնագիտական հաստատությունների վերանորոգում և վերակառուցում: Մեզ համար կարևոր է ոչ միայն բովանդակությունը, այլև ֆիզիկական պայմանները»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ աշխատաշուկայի առումով լրջագույն ուսումնասիրությունների կարիք կա:

Հայաստանում ՄԿՈւ բարեփոխումները նպաստում են կրթության և աշխատաշուկայի կարիքների համապատասխանեցմանը, քանի որ ներկայումս աշխատաշուկայի հիմնական խնդիրներից մեկը որակյալ աշխատուժի բացակայությունն է:

ՀՀ-ում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը նշեց, որ Հայաստանում և այլ երկրներում երիտասարդները բախվում են գործազրկության խնդրին:

«Շատ կարևոր է համապատասխանեցնել կրթության համակարգն աշխատաշուկայի պահանջներին, որպեսզի երիտասարդները կարողանան ավելի հեշտությամբ աշխատանքի անցնել այս կամ այն կազմակերպությունում: Այս ամենից կզարգանա նաև երկրի տնտեսությունը»,- ասաց Վիկտորինը:

Ծրագիրը կամրապնդի համագործակցությունը ՄԿՈւ հաստատությունների և մասնավոր հատվածի միջև՝ Գորիսի և Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջներում փորձարկելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը գյուղատնտեսական երկու մասնագիտություններում՝ անանսաբուժություն և կաթի ու կաթնամթերքի տեխնոլոգիա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում