Մշակույթ

Ռուսական արվեստի բացառիկ նմուշները ներկայացվելու են «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսում

5 րոպեի ընթերցում

Ռուսական արվեստի բացառիկ նմուշները ներկայացվելու են «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանից Հայաստան են բերվել 19-ից 20-րդ դարի ռուսական ժողովրդական և պրոֆեսիոնալ արվեստի առարկաներ, որոնք ներկայացված են «Ինչպես է ծնվում գլուխգործոցը» խորագրով ցուցահանդեսում: Ցուցանմուշները համադրված են Երևանի Ռուսական արվեստի թանգարանում պահվող գեղարվեստական գլուխգործոցներով, որոնց հեղինակները` Վասիլի Սուրիկովը, Միխայիլ Նեստերովը, Բորիս Գրիգորևը և այլք ոգեշնչվել են ռուսական ժողովրդական արվեստից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը, որն անցկացվում է «Համագործակցության ժառանգությունը: Ավանդույթներն ապագայի համար» երկարամյա միջպետական ծրագրի շրջանակում, բացվելու է հոկտեմբերի 28-ին Ռուսական արվեստի թանգարանում:

«Այս ցուցահանդեսը միջպետական, միջթանգարանային համագործակցության արդյունք է, որն իր ձևաչափով նոր էջ է բացում Երևանի Ռուսական արվեստի թանգարանի գործունեության մեջ։ Կարևորում եմ ցուցահանդեսի ոչ միայն համադրումը, այլև դիզայնը, որն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից թանգարանագիտական մոտեցումներին: Նորարարական է առարկաների մատուցման եղանակը»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:

Համառուսաստանյան դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստիթանգարանի տնօրեն Ելենա Տիտովան ասաց, որ իրենց համար շատ կարևոր է աշխատել այն գործընկերների հետ, որոնք գնահատում են ծրագիրը, որը միտված է վերականգնել կապերը պրոֆեսիոնալների, մշակութային ինստիտուտների ու ստեղծագործող մարդկանց միջև:

Նա շեշտեց, որ իրենց թանգարանի հավաքածուից Հայաստան են բերել հատընտիր ստեղծագործություններ: «Դրանք պատմում են դեկորատիվ արվեստի խորը արմատների մասին: Կարծում եմ, որ այս ցուցահանդեսը դիտելով` արվեստասերների համար պարզ կդառնա, որ մեր մշակույթների միջև կան ընդհանուր խորհրդանիշներ, ընդհանուր գծեր»,-նշեց Տիտովան:

Նախագծի հեղինակ և գիտական ղեկավար Գալինա Անդրեևան հիշեցրեց, որ «Համագործակցության ժառանգությունը: Ավանդույթներն ապագայի համար» երկարամյա միջպետական ծրագիրը նպատակ ունի միավորել հետխորհրդային երկրների ընդհանուր ավանդույթները: Անդրեևան ընդգծեց, որ այս նախագիծը յուրահատուկ է և անդրադարձավ խորագրին՝ շեշտելով, որ գլուխգործոցը ծնվում է տաղանդից, հանճարից, իմացությունից, երբեմն` աշխատասիրությունից: «Այն ծնվում է բոլոր տպավորություններից, որոնք մարդը ստանում է իր կյանքի ընթացքում, հարազատներից, հարազատ տնից, երկրից ու մշակույթից, իսկ հարազատ հողը ժամանակակից արվեստն է: Ռուսաստանի քաղաքային, գյուղական մշակույթը պարզ պատկերվում է այս ցուցահանդեսում ներկայացված գործերում»,- նշեց նա:

Ցուցահանդեսը կուղեկցվի միջազգային գիտաժողովով, որը կրում է «Ազգային ոճը։ Ժողովրդական ավանդույթից դեպի պրոֆեսիոնալ արվեստ» խորագիրը։ Այն կբացվի հոկտեմբերի 29-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։

Գիտաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի մշակույթի ոլորտի շուրջ չորս տասնյակ մասնագետ ԱՊՀ տարբեր երկրներից:

Ցուցահանդեսը և միջազգային գիտաժողովը Հայաստանում իրականացվում են «Համագործակցության ժառանգությունը։ Ավանդույթներ ապագայի համար» ԱՊՀ միջպետական երկարամյա ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2014 թվականից։ Նախաձեռնողը և հեղինակը Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանն է։ Ըստ վերոհիշյալ ծրագրի հայեցակարգի՝ յուրաքանչյուր տարի փոխվում է գործընկեր-երկիրը, որն ընդունում է ցուցահանդեսը և միջազգային գիտաժողովը` ԱՊՀ երկրների առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Ծրագիրն արդեն իրականացվել է ԱՊՀ մի շարք երկրներում։

2019 թվականին հյուրընկալող երկիր է ընտրվել Հայաստանի Հանրապետությունը` Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)։

Ծրագրի կազմակերպիչներն են Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու):

Աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը: Նախաձեռնությունն իրականացվում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի շրջանակում։

Ցուցահանդեսը, որի համադրողը Միլա Վեդենսկայան է, իսկ դիզայները Աննա Գրիգորևան, բաց կլինի մինչև 2020 թվականի ապրիլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում