Հասարակական

Տարբեր խնդիրներով երեխաներին կցուցաբերվի անհատական մոտեցում. քննարկում՝ թիվ 92 մանկապարտեզի շուրջ

4 րոպեի ընթերցում

Տարբեր խնդիրներով երեխաներին կցուցաբերվի անհատական մոտեցում. քննարկում՝ թիվ 92 մանկապարտեզի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կազմակերպվել է նեղ մասնագիտական քննարկում, որը նվիրված էր Երևանի թիվ 92 մանկապարտեզում երեխաներն էին աթոռներին կապելու դեպքին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի մասին հայտնի է դարձել օրեր առաջ սոցիալական ցանցում հայտնված լուսանկարներից։

Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություննների ներկայացուցիչներ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության, մանկապարտեզի աշխատակիցներ, ծնողներ, բժիշկներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակական կառույցների անդամներ:

«Խնդիրը շատ նուրբ է, և կուզենայի, որ այս բազմաշերտ մասնագիտական խմբով փորձենք խնդրին համապատասխան լուծում տալ: Չնշելով, որ մանկապարեզը ներառական է, համացանցային հրապարակումից տպավորություն էր ստեղծվել, որ Երևանի բոլոր մանկապարտեզներում է կիրառվում նման մոտեցում, ինչի հետևանքով մենք մեծ աղմուկի բախվեցինք: Օգտագործելով այս երեխաներին՝ փորձ արվեց մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզների կառավարման համակարգի վրա ստվեր գցել, ինչն ուղղակի անընդունելի է: Բնականաբար, այս ընթացքում այցելություններ են եղել մանկապարտեզ: Մենք պետք է հարգենք երեխաների և նրանց ծնողների զգացմունքներն ու իրավունքները` համապատասխան պայմաններ ստեղծելով երեխաների համար»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը՝ հորդորելով ոչ մասնագետներին զերծ մնալ մասնագիտական կարծիքներ արտահայտելուց:

Քննարկման ընթացքում նշվել է, որ 2015 թվականից ներառական 3 խմբով աշխատող թիվ 92 մանկապարտեզ հաճախում է տարբեր խնդիրներ ունեցող 24 երեխա: Նրանցից 14-ն ունեն հենաշարժողական խնդիր և մանկապարտեզ են գալիս անվասայլակներով: Նստարանները, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ, մանկապարտեզին տրամադրել էր «Արբես» առողջապահական կենտրոնը: Հանդիպմանը ներկա կենտրոնի ներկայացուցիչ Գայանե Զաքարյանը նշել է, որ աթոռակները հատուկ մասնագիտական չեն, բայց փորձել են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար հնարավորին հարմար դարձնել: Մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանի խոսքով էլ դա արվել է երեխաների անվտանգության նկատառումներով:

«Ես չեմ բացառում, որ կրթական ոլորտում կան խնդիրներ, բայց երբ այն միանգամից և առանց ճշգրիտ տեղեկատվության սոցիալական ցանցերի քննարկման առարկա է դառնում, սա ոտնահարում է առաջին հերթին երեխաների իրավունքները»,- ընդգծել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանն իր հերթին նշել է, որ լուսանկարները տեսել է նախքան հրապարակումը, իսկ համացանցում հայտնվելուց հետո շտապել է մանկապարտեզ: Փոխնախարարի խոսքով, լինելով կրթական ընդհանուր քաղաքականության մշակող կառույց, նախարարությունը կարևորում է խնդիրների վերհանումը, դրանց շուրջ քննարկումները:

«Պե՞տք է արդյոք երեխաներին ամրակապել, թե՝ ոչ: Մասնագետներն այս հարցում միակարծիք չեն: Սակայն խոսելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների մեթոդաբանության մասին՝ քննարկման մասնակիցները փաստել են, որ բռնության որևէ դրսևորում չի կարող դրանց մաս կազմել: Միաժամանակ պետք է միջոցներ ձեռնարկվեն մասնագիտական գույքի թարմացման ուղղությամբ:

Մասնագիտական քննարկումները կշարունակվեն, և տարբեր խնդիրներով երեխաներին կցուցաբերվեն անհատական մոտեցումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում