Հասարակական

Արևիկ Անափիոսյանը կրկնություն է համարում բուհերում հայոց լեզվի, գրականության, պատմության ուսուցումը

2 րոպեի ընթերցում

Արևիկ Անափիոսյանը կրկնություն է համարում բուհերում հայոց լեզվի, գրականության, պատմության ուսուցումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը կարծում է, որ հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդումը հանրակրթական դպրոցի գործառույթներից է: Բուհերում այդ առարկաների ուսուցումը կրկնություն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Մեդիա կենտրոնին տված հարցազրույցում ասաց Արևիկ Անափիոսյանը:

«Եթե մենք բուհերի հայեցողությանն ենք թողնում՝ այդ առարկաները դասացուցակներում ներառելը կամ ոչ, նշանակում է`բուհերը պետք է ունենան ինքնավարություն և ինքնուրույնություն, որ կարողանան որոշել, թե ինչպես են կառուցում և իրականացնում իրենց մասնագիտական ծրագրերը»,-նշեց նախարարի տեղակալը:

Նրա խոսքով` օրինակ` հայոց լեզու առարկայի ընդունելության քննությունը եվրոպական լեզուների գնահատման սանդղակով իրականացվում է B1 կամ B2, C2 կամ C1 մակարդակների համար: Դրանք մայրենի լեզուն հմուտ տիրապետելու մակարդակը ցույց տվող քննություններ են: «Մենք բուհական համակարգում հետ քայլ ենք անում և նորից ենք փորձում ուսանողներին ինչ-որ բան սովորեցնել այդ առարկաներից, այնինչ այդ գործառույթը հանրակրթական դպրոցինն է: Ըստ իս` բուհի խնդիրը չէ լրացնել այն բացը, որը եղել է դպրոցում»,-շեշտեց նա:

Անափիոսյանն ասաց, որ այլ հարց է, եթե մենք մեր առաջ դրել ենք խնդիր սահմանել հայոց լեզվի, հայոց պատմության, առհասարակ հայագիտական բլոկի դասավանդման որոշակի սանդղակ:

Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում կա կետ, որ բուհերում այլևս պարտադիր առարկաների ցանկում չեն լինելու հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները: Այդ կետի առկայությունը քննարկումների ալիք է բարձրացրել մասնագետների շրջանում: Շատերն անմիտ են համարում այդ գաղափարը, շատերն էլ դեմ չեն դրա իրագործմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում