Պաշտոնական

ՀՀ վարչապետը և Չեխիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և Չեխիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական գործակցության զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է հիշել այս տարի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Չեխիայի վարչապետի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են փոխգործակցության հարցեր, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար՝ նշելով, որ փաստաթղթի արագ վավերացումը կնպաստի ՀՀ բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրագործմանը։

Հայաստանում Չեխիայի դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնելը և պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը՝ հայ-չեխական գործընկերությունը խորացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Չեխիան սատարում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրամիության, Արևելյան գործընկերության ձևաչափերում զարգացնել կապերը:

Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ ուղղություններով առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հարցեր, անդրադարձել օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հնարավորություններին, մտքեր փոխանակել ԵՄ շրջանակում մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ:

Վարչապետը կարևորել է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում