Մշակույթ

Ճապոնական ֆլեյտայի մեղեդիները հնչեցին կոմիտասյան մշակութային օջախում

2 րոպեի ընթերցում

 Ճապոնական ֆլեյտայի մեղեդիները հնչեցին կոմիտասյան մշակութային օջախում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի հայտնի երաժիշտ Իրիե Յոսուկեն հոկտեմբերի 16-ին ելույթ ունեցավ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա ճապոնական ինքնատիպ գործիքի`շակուհաչիի գեղեցիկ մեղեդիներով գրավեց դահլիճում ներկա արվեստասերներին:

Համերգին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան` նշելով, որ մեծ պատիվ է բոլորին հրավիրել ճապոնական մշակութային միջոցառմանը և ողջունել շակուհաչիի` հնդկեղեգի ֆլեյտայի կատարող Իրիե Յոսուկեին:

«Չնայած Հայաստանի և Ճապոնիայի աշխարհագրական հեռավորությանը, մեր երկու ժողովուրդները զարմանալիորեն շատ ընդհանուր հոգևոր արժեքներ ունեն, որոնք առավել ակնհայտ են մեր երաժշտական մոտեցումներում: Ես խորապես համոզված եմ, որ երաժշտությունը կարևոր հիմնասյուն է ազգերի միջև երկխոսության և բարեկամական կապերի ամրապնդման համար»,-շեշտեց դեսպանը:

Անդրադառնալով ֆլեյտահար Իրիե Յոսուկեին` Յամադան ընդգծեց, որ նա անվանի ճապոնացի երաժիշտ է, որը ճապոնական մշակույթը ներկայացրել է բազմաթիվ երկրներում` իր երաժշտությամբ փորձելով խաղաղություն տարածել տարբեր ժողովուրդների միջև:

«Սա նրա երկրորդ այցն է Հայաստան, և ես կարծում եմ, որ մենք կկարողանանք երաժշտության միջոցով էլ ավելի զարգացնել երկու երկրների փոխհարաբերությունները` համագործակցելով հայ և ճապոնացի արվեստագետների հետ»,-ասաց Ջուն Յամադան:

Իրիե Յոսուկեն տպավորեց երաժշտասերներին իր կատարումներով և փորձեց նվագել սովորեցնել ներկաներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում