ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դասական և ժամանակակից նկարիչների 36 գեղանկարչական, տասը գրաֆիկական աշխատանք ներկայացվեց «Արարատ. Սրբազան լեռը» խորագրով բացառիկ ցուցահանդեսում: Այն բացվեց հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արվեստասերները ցուցահանդեսում կարող են տեսնել Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի և այլ հեղինակավոր նկարիչների գործեր, որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ։
«Բոլոր աշխատանքներն ինքնատիպ են, բայց հատկապես գեղանկարչական ստեղծագործություններում երևում է Արարատ լեռան պատկերման այն բազմազանությունը, որ մենք տեսնում ենք հայ կերպարվեստում: Արարատը հայրենիքի խորհրդանիշ է, նոր կյանքի կառուցման սկիզբ»,-նշեց պատկերասրահի ավագ գիտաշխատող, ցուցահանդեսի համադրող Քնարիկ Ավետիսյանը:
Ցուցահանդեսի անցկացման գաղափարի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության#AraratChallengeհամաշխարհային շարժումը։
Մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ասաց, որ #AraratChallengeհամաշխարհային շարժմամբ ցանկանում են ցույց տալ, թե ինչպես են տեսնում Արարատը, ինչ խորհրդանիշ ունի այն յուրաքանչյուրի համար:
«Ավրորա» մրցանակը Հայոց ցեղասպանությունից փրկվածների անունից հանձնվում է բոլոր նրանց, ովքեր օգնում են ռիսկային գոտիներում գտնվող մարդկանց: Ցեղասպանությունից հետո հայերին տրվեց ապրելու երկրորդ հնարավորություն, և Արարատը մեզ համար այդ երկրորդ հնարավորության խորհրդանիշն է: Ինչպես ասվում է Աստվածաշնչում, Նոյը հենց Արարատ լեռան վրա մարդկությանը ապրելու երկրորդ հնարավորություն ընձեռեց»,-շեշտեց Աֆեյանը:
Ցուցահանդեսը, որն անցկացվում է «Ավրորա» ֆորումի շրջանակում, բաց կլինի մինչև նոյեմբերի 14-ը: