Հայաստանից տարեկան արտահանման 7 տոկոս աճ է կանխատեսվում. ավելացել է շոկոլադի արտահանումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել են երկու խումբ` շոկոլադն ու մրգային գինիները: Դրանք թեև ծավալներով շատ մեծ չեն, սակայն վկայում են երկարաժամկետ դրական զարգացումների մասին: Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ` Հայաստանից տարեկան ընդհանուր արտահանման աճը կգտնվի 7 տոկոսի միջակայքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ապրանքների արտահանումը հունվար-օգոստոսին աճել է 4.6 տոկոսով: Ուզում եմ երկու հանգամանք առանձնացնել: Առաջինը` այս ցուցանիշն ավելի ցածր է, քան հատկապես նախորդ երկու տարիներին, սակայն ուրախալին այն է, որ առաջին ամիսներին նախորդ տարիների համեմատ ունեինք նվազում, սակայն վերջին ամիսների ընթացքում արձանագրվել է վերականգնում: Ընդ որում, նախարարությունը նախատեսում է, որ տարին կավարտենք մոտ 7 տոկոս արտահանման աճով»,-ասաց Խաչատրյանը:

Եղել են ապրանքախմբեր, որոնք նախորդ տարվա համեմատ էականորեն նվազել են, դրանք 8 ամիսների արդյունքով կրճատված են եղել 145 մլն դոլար ընդհանուր արժեքով: Դրանք են չզտված պղինձը, ադամանդե քարերը, էլեկտրաէներգիան և հագուստը: Բայց միաժամանակ կան ապրանքախմբեր, որոնց արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ էականորեն աճել են: Այդ աճը կազմել է մոտ 218 մլն դոլար: «Այսինքն՝ մենք արտահանման մեջ ունենք կառուցվածքային որոշակի փոփոխություններ, որոնք արտացոլված են թվերով»,-ասաց նախարարը:

Արտահանման աճ են արձանագրել կոնյակը, ծխախոտը, անմշակ ոսկին և երկաթամիահալվածքները (ֆերոմոլիբդեն): Նախարարն ուրախալի համարեց, որ արտահանման մեջ առանձնացել են երկու խումբ, որոնք փոքր են արժեքով, սակայն վկայում են երկարաժամկետ դրական զարգացումների մասին: «Դրանք շոկոլադե արտադրանքի և մրգային գինիների արտահանումն են: Առաջինը դուրս է եկել նոր շուկաներ, հուսով ենք, և արտադրողներն էլ լավատես են, որ այդ շուկաներում զգալի ընդլայնման հնարավորություններ ունենք: Ութ ամիսներին շոկոլադի արտահանումը կազմել է 9.8 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 2.7 մլն դոլարով: Իսկ մրգային գինիների արտահանումը կազմել է 7.5 մլն դոլար` նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճելով 2.6 մլն դոլարով»,-ասաց Խաչատրյանը:

Աճել է նաև ոսկերչական իրերի, կոնյակի, ծխախոտի, երկաթամիահալվածքի արտահանումը:

Այս տարվա առաջին 8 ամիսներին նվազել էր չզտված պղնձի արտահանումը: Նախարարը հիշեցրեց, որ տարվա ընթացքում չի գործել Ալավերդու պղնձաձուլարանը` բնապահպանական պահանջների առնչությամբ: Սակայն Խաչատրյանը նշեց, որ դրա փոխարեն այն խտանյութը, որը վերամշակվում էր Ալավերդու պղնձաձուլարանում, արտահանվում է որպես խտանյութ: «Այսինքն՝ 50 մլն դոլարի չափով չի եղել իր բացասական ազդեցությունն արտահանման վրա»,-նշեց նա:

Որոշ չափով նվազել է նաև ալյումինե փայլաթիթեղների արտահանումը, սակայն վերջին ամիսներին նկատվում է աճ: Խաչատրյանը խնդրահարույց համարեց ադամանդե քարերի գծով արտահանումը, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտադրողները հումքի կանոնավոր մատակարարների հետ խնդիրներ ունեն: «Մենք հիմա միջոցներ ենք փնտրում այլ շուկաներում մեր ադամանդ վերամշակող կազմակերպությունների համար հումքային այլընտրանքային աղբյուրներ հասանելի դարձնելու համար»,-նշեց նա:

Բուսական ծագման արտադրատեսակից ամենամեծ արտահանման աճ են ունեցել վարունգն ու ելակը, որոնք համապատասխանաբար աճել են 4.3 և 2.3 մլն դոլարով: Կենդանական ծագման արտադրանքի արտահանումը 2019 թ. հունվար-օգոստոսին կազմել է շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար՝ նվազելով շուրջ 1 մլն ԱՄՆ դոլարով կամ 3.6%-ով։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում